Նախարարները՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը բազմաոլորտ և մի շարք հարցեր ծնող խնդիր է, որի վերաբերյալ կարծիք հայտնել ոտքի վրա չի կարելի»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Այս ամենինց պետք է դասեր քաղել հետագայի համար ընդհանրապես և՛ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, և՛ վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմներ կիրառելուց»,- ասաց Հ.Մանուկյանը:
Ըստ նրա՝ առհասարակ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական զարգացումներից հասարակությունը դուրս չի մնում: Դիտարկմանը, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարում է, թե տեղի է ունեցել գողություն, բայց քրեական գործ չի հարուցվում, Հ.Մանուկյանը պատասխանեց. «Էներգետիկայի նախարարը իրավաբան չէ և չի ղեկավարում իրավական կառույց: Նա կարող է իր ելույթներում օգտագործել տերմինալոգիա, որը իրավաբանների տերմինալոգիայի հետ համահունչ չէ: Այս հարցը պիտի համապատասխան ուսումնասիրության ենթարկվի կոմպետենտ մարդկանց կողմից: Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ տեղ ինչ-որ խախտումներ են եղել և քրեաիրավական բնութագրիչ ունեցող խախտումներ հայտնաբերվեն, վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները համապատասխան գնահատական կտան»:
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ նախագահի հայտարարությանը, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 7 դրամով, ասաց, թե կլինի որոշում՝ կասեն: Նա չպարզաբանեց նաև այն հարցը, թե արդյոք կառավարությունը սուբսիդավորում կիրականացնի անպահով խավի համար, թե ոչ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով էլ՝ կարծիք հայտնելու համար դեռ շուտ է, քանի որ դեռ չգիտեն որքան է բարձրանալու. «Հանձնաժողովը երբ կորոշի, կասենք մեր դիրքորոշումը»,- ասաց նա: