«Երեխաս թունավորվեց այդ անբուժելի թույնով». Արթուր Հակոբյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան, հումորիստ Արթուր Հակոբյանը:
-Երկար ժամանակ է՝ հեռուստաէկրաններին Ձեզ չենք տեսնում, ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա հումորային համերգային ծրագրով եմ զբաղված՝ «Մի բուռ ժպիտ ու բարություն» խորագրով, որն իրականացնում ենք Մարգարիտա Խաչատրյանի և երգիչներ Արման և Յանա ամուսինների հետ: Այս ծրագրով մենք հանդես ենք գալիս ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում:
-Կարծես, ոչ մի գովազդային հոլովակ չկա, որոնցից մարդիկ կտեղեկանան Ձեր այս ծրագրի մասին:
-Այո, ընդհանրապես չենք գովազդում, քանի որ ես եմ այդպես ուզում: Ես հանդիսատեսի խնդիր չունեմ, մեր դահլիճը համարյա միշտ լիքն է լինում: Ոչինչ չեմ ուզում, ոչ երկրից, ոչ էլ որևէ մեկից, ուզում եմ միայն հանգիստ ապրել: Ես գերադասում եմ իմ գործը լուռ անել:
-Դուք մշտապես աշխատում եք, բայց համեստորեն միշտ լուռ եք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր նման աշխատաոճը:
-Մարդը, ծնվում է, բնավորությունն էլ իր հետ է ծնվում: Ես չեմ խաղում : Ոչ էլ սիրում եմ իմ մասին խոսել:
-Առաջ Դուք հեռուստաէկրանների ամենահայտնի դեմքերից էիք, հիմա կարծես թե, հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում, ինչո՞ւ:
-Այս հարցը ինձ չէ, որ պետք է տրվի: Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ երբեք որևէ մեկին չեմ խնդրի, որ ինձ ինչ-որ տեղ հրավիրեն նկարահանվելու, ոչ մի անգամ չի եղել, որ ես «օճառն» առնեմ և վազեմ մի տեղ: Ես 15 տարի էկրաններին եմ եղել, 20 տարեկան չեմ, շատ ուրախանամ, որ ինձ նկարեն: Վերջերս առաջարկ եմ ստացել ֆիլմում նկարահանվելու, հուսամ, որ շուտով կսկսվեն աշխատանքները:
-Այսօր տպավորություն է, որ դերասանները «սեզոնային» են դարձել, նրանք որոշ ժամանակ էկրաններին են, ընդ որում միևնույն դերասանը բոլոր հեռուստաալիքներում է հանդես գալիս, հետո անմիջապես անհայտանում են: Դա ինչի՞ հետևանք է ըստ Ձեզ:
-Ես այդ հարցում մեղավորներ չեմ ուզում գտնել: Կարծում եմ, դա հեռուստաընկերությունների հետ է կապված: Ես այն կարծիքին եմ, որ պետք է հեռուստադիտողին չձանձրացնես և թողես, որպեսզի քեզ կարոտեն, ինչքան էլ որ տաղանդավոր լինես: Այսօր գլխավորն այն է, որ ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի, ուրիշի գործը չանի:
-Նկատի ունեք, որ այսօր դերասանությամբ են զբաղվում «չդերասաննե՞րը»:
-Կա նման բան: Ես հեծանիվ չեմ մոգոնում դա ասելով, դա բոլորն են տեսնում, ու թե ինչքանով է դա լավ կամ վատ, հանդիսատեսը պարզ հասկանում է :
-Կինոարտադրողներից շատերը նման միտումը մեկնաբանում են՝ ասելով, թե նման կերպով գումար է խնայվում, քանի որ դերասանները ավելի շատ են գումար պահանջում:
-Այո, այդպես գումար խնայվում է, որովհետև պրոֆեսիոնալ մարդը ուրիշ գումար կպահանջի: Կարծում եմ, որ կա նման բան: Մարդն իր էությամբ այդպիսին է, միշտ ցանկանում է, որ իր վրա ուշադրություն դարձնեն, այլապես ինչու է պճնվում, կոկիկ հագնվում, նորաձևության հետևից ընկնում, ու դրա հետ մեկտեղ նրան ասա, որ քեզ պետք է հեռուստացույցով ցույց տան…վայ դերասանը չի էլ հասկանա, ինչ է անում, արդեն տարվում է ճանաչման մոլուցքով, ճանաչումը մեծ պատասխանատվություն է, պարոնայք: Այսօր պապարացիներ են մոդա ընկել, մտածում են, թե որտեղ քեզ բռնացնեն, որ նկարեն տեղադրեն համացանցում և դիտում ձեռք բերեն: Զզվելի է: Ես ոչ մեկին այսքան ժամանակ չեմ փնովել կամ վիրավորել, ես միայն միշտ ասել եմ՝ «Ինչի՞ ես եկել իմ գործը անում դու»: Դերասանի մասնագիտությունը Աստծո տրված պարգև է, ամեն մեկը չի կարող անել:
-Հայկական հեռուստասերիալներ դիտո՞ւմ եք:
-Ես սերիալներ չեմ դիտում, ոչ թե որովհետև ես չեմ նկարվում, «Վերվարածները» 720 սերիա է նկարվել, բայց ես դիտել եմ հազիվ 15-ը, այսինքն, եթե իմ արածը չեմ դիտել, բնականաբար, ուրիշներինը չեմ դիտի:
-Իսկ թատրոններ հաճախո՞ւմ եք:
-Թատրոններ շատ եմ հաճախում, դրա պահանջը միշտ ունեմ: Սերիալը փող աշխատելու համար է, իսկ թատրոնը արվեստը տեղ հասցնելու: Ես չեմ ասում, թե սերիալը վատ բան է, քանի որ այդպես ճանաչում ես ձեռք բերում, իսկ մեր մասնագիտության մեջ, եթե որևէ մեկը ասի, թե չի ուզում ճանաչվել, ուրեմն ստում է, այլապես ինչու է ընտրել այդ մասնագիտությունը, դա միակ մասնագիտություններից է, որ քեզ ճանաչում է բերում:
-Վերջին շրջանում կարծես թատրոնի բեմ էլ են բարձրանում «չդերասանները», ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Վերջերս մի հարցազրույցում ասացի, որ մեր աղոթքի տեղը՝ թատրոնը, մնացել է մաքուր, մտածում էի, որ թատրոնում դեռ «չդերասաններ» չկան, փաստորեն սխալվել եմ: Եթե այսօր ոչ պրոֆեսիոնալ մարդն է մտնում թատրոն, ուրեմն լավ չէ, շատ վատ է:
-Ձեր որդին ևս ընտրել է այս ուղին, նա ապագա ռեժիսոր է: Հետաքրքիր է ո՞րն է նրան ուղղված մասնագիտական և հայրական Ձեր խոսքը այս ասպարեզի համար:
-Ես չգիտեի, որ տղաս՝ Վարդանը, ուզում է ընդունվել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, երբ ընդունվեց, ընկերս զանգեց ու ասաց, թե աչքդ լույս լինի, տղադ ընդունվեց, ես էլ հենց լսեցի այդ խոսքերը, հեռախոսը կախեցի: Ես դեմ եմ եղել և հիմա էլ եմ դեմ: Ճիշտ է, նա շատ մեծ շնորհք ունի, և դա օբյեկտիվորեն դատելով եմ ասում, մի կողմ դնելով այն, որ տղաս է: Նա դեռ փոքրուց մեծացել է թատրոնի կուլիսներում. երեխաս թունավորվեց այդ անբուժելի թույնով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: