
Պուտինը Բաքվում Ալիևի հետ հանդիպմանը կքննարկի Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 12-13-ը կայցելի Բաքու, որտեղ կունենա մի շարք հանդիպումներ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
Նրա խոսքով՝ Բաքվում Պուտինը կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը: Ենթադրվում է, որ նա կհանդիպի Միջազգային օլիմպիկական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ:
Հաջորդ օրը Պուտինը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նրանք երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերը կքննարկեն նախ՝ նեղ, ապա ընդլայնված կազմով:
Ուշակովի խոսքով՝ քննարկվելու են նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Ակնկալվում է, որ Պուտինը Բաքվում կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: