
Գագիկ Ջհանգիրյանը մտահոգված է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ նիստում դատախազության 2014թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձավ դատախազության տեղի, դերի և այդ դերի իրացման մասին հարցերին: Ըստ նրա՝ քննարկվում է Քրեական դատավարության օրենսգիրքը, որի որոշ դույթներ մտահոգություն են առաջացնում: Նա նշեց, որ դատախազության լիազորությունները սկսեցին սահմանափակ մեկնաբանվել:
«Այն կոնցեպտը, որ դրված է Քրեական դատավարության օրենքի հիմքում, որ դատախազությունը չպետք է այս կամ այն անի, ինձ բերում են այն համոզման, որ քրդատ նախագիծը գրողները գտնվել են օպերատիվ հետախուզական մարմինների խստագույնս ճնշման տակ: Այդ մարմինները ամեն մեկը վերմակը քաշում է իր կողմը և նրանց լիազորություններն ավելի շատ են, քան դատախազությունը, և ստացվում է, որ այդ վերմակը դատախազությունից են քաշում:
Պետք է ԱԺ-ն կարողանա որպես օրենսդիր մարմին բալանասավորումը ճիշտ պահպանել: Օրինակ՝ նոր քրդատով դատախազը չի կարող վկային կամ տուժողին տեսնել, ճանաչել, գնալ դեպքի վայր, դիակի զննությանը մասնակից լինել, որևէ քննչական գործողության ներկա լինել, բայց այդ դեպքում մեղադրանքը դատարանում ո՞նց է պաշտպանելու, հսկողությունը այս պրոցեսի նկատմամբ ո՞նց է իրականացնելու:
Նույնն է, թե ասենք՝ բժիշկը պետք է ճիշտ դիագնոզի ու բուժում նշանակի, բայց հիվանդին զննելու իրավունք չունի: Ա~յ, քեզ բան»,- ասաց Ջհանգիրյանը:
Ըստ նրա՝ նշանակում է, որ ուզում են ստեղծել մի դատախազություն, որտեղ գրասենյակային աշխատողներ են լինելու, այսինքն՝ ռեալ դատախազական վերահսկողությունը հանում են միջդատական վարույթից: Ջհանգիրյանը նշեց, որ երբ դատախազությունը ուներ սեփական քննչական ապարատը, այս մեխանիզմներն այդքան էական չէին, քանի որ դատախազը կարող էր իր քննիչին հանձնարարել:
Նա քաղաքական մեծամասնության ուշադրությունը հրավիրեց այս խնդրին. «Սա շատ վտանագավոր միտում է: Կստեղծենք մի դատախազություն, որ Սահմանադրությամբ կունենա լիազորություններ, լծակներ, բայց դրանք օրենքով կլինեն զրոյացված ու պատասխան կպահանջենք դատախազից: Շատ ցավալի կլինի նման քրդատի նախագիծ ունենալու դեպքում»: