Բաժիններ՝

«Միշտ չէ, որ ամբողջը՝ թեկուզ մեր խոսքերը, թեկուզ ձեր խոսքերը ամբողջությամբ ընկալվում են տրամաբանորեն մինչև վերջ». Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ նիստում գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդման հետ կապված տարբեր ելույթներից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնը ևս, ինչպես ինքն արտահայտվեց, չկարողացավ զսպել իրեն և ելույթ չունենալ:

«Չկարողացանք տարբերել հաղորդումն ինչ է, հաշվետվությունը ինչ է: Դուք փաստորեն բոլորդ դատախազից հաշվետվություն էիք սպասում: Քաղաքական մեծամասնությունն էլ լավ բաներ ասաց, մի քիչ էլ քննադատեց, որ չասեն չքննադատեցին»,- ասաց Գ.Սահակյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինայնի ելույթը Գ.Սահակյանը ևս գնահատեց, բայց հավելեց, թե այն «իրոնիայով» էր և չի կարելի արհամարական խոսել:

«Այսինքն՝ ի՞նչն է պակաս, երբ ասում եմ՝ աննախադեպ էր այս քննարկումը: Պակասում էր բարեկրթությունը: Կարելի էր շատ սովորական խոսքերով ասել՝ այո, մեր երկրում դատաիրավական համակարգը բարեփոխումների լուրջ կարիք ունի: Դա բոլորս ենք ասում: Նրանք, ովքեր պարտավորված են այդ բարեփոխումները ուղղորդելու, առաջ տանելու, բնականաբար, հասկանում են խնդրի ամբողջ իմաստը: Նրանք, ովքեր համակարգը ճանաչում են, պիտի իմանան, որ ամբողջ աշխարհի համար ամենադժվարն այդ համակարգը տեղից շարժելն ու բարեփոխման ճանապարհով տանելն է: Այնպես որ, պիտի կարողանանք նաև այն քննադատությունը, որ եղավ, դրա կողքին նաև դրականը տեսնենք»,- ասաց Գ.Սահակյանը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուրն իր ճշմարտությունը հայցադիմումի ձևով ներկայացնում է ոչ միայն դատախազին, այլև հասարակությանը, բայց առանձին դեպքերում այստեղ մի խնդիր կա.

«Տեսեք, թե չինովնիկին ինչ ասեցի, դատախազին ինչ ասեցի, զգացեք, թե ես ով եմ, ես էն համարձակն եմ, ինչպես Փաշինյանն ասեց, էն դուխովն եմ, որ ամեն ինչ առաջ կարող եմ տանել: Իհարկե, ժամանակաշրջանն է այդպիսին, մենք ունցել ենք բավականին ժամանակահատվածներ, որի ընթացքում մշակույթ ենք ձեռք բերել, այս մշակույթն էլ կկարգավորվի հետագայում: Բայց չասել, որ գլխավոր դատախազն, ըստ ամենայնի պատրաստվել էր, ըստ ամենայնի բոլորի հարցերին պատասխանեց…: Բնական է, կարող է և պատասխանների մեջ իմ դուրը չգա, համոզիչ չլինի, և այդպես էլ կա: Միշտ չէ, որ ամբողջը՝ թեկուզ մեր խոսքերը, թեկուզ ձեր խոսքերը ամբողջությամբ ընկալվում են տրամաբանորեն մինչև վերջ: Քննադատենք, բայց չավերեք ամեն ինչ, վերջին հաշվով նաև լավը տեսնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս