Բաժիններ՝

Մահացել է ռուս քաղաքական գործիչների սիրելի աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլին

Մոսկվայում կյանքի 65-րդ տարում մահացել է Եվգենյա Դավիթաշվիլին, ով ավելի շատ հայտնի էր որպես բուժակ, աստղագուշակ Ջունա: Նրա մահվան մասին LiveJournal-ի իր բլոգում գրել է դերասան Ստանիսլավ Սադալսկին, տեղեկացնում է НТВ-ն:

«Ջունան երկու օր կոմայի մեջ էր, այսօր նա մահացել է»,-գրել է դերասանը:
Սադալսկու խոսքով՝ մի քանի օր առաջ Ջունային վիրահատել էին, սակայն դա նրան չէր օգնել:

«Շտապօգնությունը նրան տարել էր հենց Արբատից: Ջունան գնացել էր գնումներ կատարելու տան հարևանությամբ գտնվող խանութից, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել էր: Մի քանի օր առաջ նրան բերեցին հիվանդանոցից, որտեղ վիրահատել էին, առաջացել էին արյան հետ կապված լուրջ խնդիրներ: Արյունը գրեթե չէր շրջանառվում, ձեռքերը հանգուցյալի ձեռքերի պես սառն էին: Կարելի է ասել՝ Ջունան վաղուց էր մահացել: Նա մահացել էր Վախթանգի հետ, մարմնով, հոգով չէր ապրում, այլ գոյատևում էր, նրա էներգիան հեռացել էր, արդեն չէր կարողանում բուժել, արագ կուրանում էր: Չեխովը մի անգամ ասել է, որ մարդը մահանում է այնքան անգամ, որքան կորցնում է իր հարազատներին: Որդու մահը Ջունան չկարողացավ հաղթահարել»,-գրել է դերասանը:

Ջունան խորհրդային աստղագուշակ էր: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ տարբեր տարիների նրա հաճախորդներն են եղել խորհրդային գործիչներ Լեոնիդ Բրեժնևը, Իլյա Անդրոպովը, Կոնստանտին Չեռնենկոն, նկարիչ Իլյա Գլազունովը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն ու Մարչելլո Մաստրոյանին, ինչպես նաև կինոռեժիսորներ Անդրեյ Տարկովսկին ու Ֆեդերիկո Ֆելլինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս