Բաժիններ՝

Ադրբեջանում սկսվել է Արսեն Բաղդասարյանի նկատմամբ դատական նիստը

Այսօր Ադրբեջանի Գյանջայի Վերաքննիչ դատարանում սկսվել է Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը բեկանելու հարցով Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանի բողոքի նախնական լսումները, ով անցած տարվա դեկտեմբերին Աղդամի հատվածում հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնում է APA գործակալությունը:

Դատավոր Թեյուբ Մուխթարովի նախագահությամբ անցնող դատական նիստում Արսեն Բաղդասարյանին տրվել է խոսքի իրավունք: Վերջինս ասել է, թե ինքը Ադրբեջանի քաղաքացի է ու զղջում է իր արածի համար:

«Ես խնդրում եմ դատարանին ուշադրություն հրավիրել այն փաստին, որ ես Ադրբեջանի քաղաքացի եմ, ինչպես նաև խնդրում եմ մարդասիրություն դրսևորել ու կրճատել իմ պատժաժամկետը»,- ասել է նա:

Դատական հաջորդ լսումները նշանակված են հունիսի 15-ին:
Հիշեցնենք, որ Գյանջայի դատարանի որոշամբ Բաղդասարյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Բաղդասարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները խախտելու մեջ՝ 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ), 29,120.2.7 (2 կամ մի շարք անձանց միտումնավոր սպանելու փորձ), 29,120.2.12 (ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով միտումնավոր սպանություն) և 29,282.2 (պայթյունի իրագործում՝ ուղղված կառույցներն վնաս պատճառելուն կամ կործանելուն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս