Շեյխուհի Մոզան դժգոհ է մնացել Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաթարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, երեկ մեկնել է Հայաստանից: Նա մեր երկրում մնացել է մոտ 2 օր, բայց ասում են, թե այդքան էլ գոհ չի եղել այցից, առանձնապես բարձր տրամադրություն չի ունեցել:

Մեզ տեղեկություններ են հասել, որ շեյխուհին հատկապես դժգոհ է մնացել իր այցի շուրջ առաջացած աղմուկից: ԱԳՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ սա մասնավոր այց էր, որի մասին ոչ ոք չպետք է իմանար, մինչդեռ լրատվամիջոցներն ամեն ինչ «փչացրին»:

Արևելքի թագուհու այցի շուրջ առաջացած աղմուկի «մեղավորները», սակայն, միայն լրատվամիջոցները չէին: Հազիվ թե հունիսի 4-ին, կեսօրից հետո Երևանի կենտրոնով անցնող պատահական քաղաքացին չնկատեր կաթվածահար երթևեկությունը, մոտ 20 արտասահմանյան մեքենաների շարասյունը, լուսաձայնային ազդանշանով ուղեկցող մեքենաները և ճանապարհային ոստիկաններին:

Բոլորի մոտ մեկ հարց էր առաջանում՝ այս ո՞վ է եկել նորից: Պետական պահպանությունը «պերեբոր» էր արել՝ ընդամենը 18 հոգանոց պատվիրակության համար ուղարկելով նույնքան մեքենա: Այցելության ժամանակ շեյխուհի Մոզան պետական մակարդակով որևէ հանդիպում չէր նախատեսել և չի էլ ունեցել, բայց, մեր տեղեկություններով, նրան նախագահականից խորհրդանշական նվերներ են ուղարկել՝ իր հետ տանելու համար»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս