Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզայի վրա հարձակման համար դատապարտվել է ընդամենը 2 մարդ
Պակիստանի ոստիկանությունը հայտնել է այն մասին, որ ակտիվիստ Մալալա Յուսուֆզայի վրա հարձակման մեջ մեղադրվող 10 տղամարդկանցից 8-ն ազատ է արձակվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պակիստանի դատարանը 10 մարդու դատապարտել է ցմահ բանտարկության իրավապաշտպանի վրա հարձակման գործով, սակայն ներկայում ոստիկանությունը հերքում է այդ տեղեկությունը:
Սվատ շրջանի ոստիկանապետի խոսքով՝ 10 տղամարդկանից 8-ն արդարացվել է անբավարար ապացույցների պատճառով:
Այդ գործով ընթացող դատական բոլոր լսումները փակ են անցկացվել:
17-ամյա Մալալան անցկացնում էր պակիստանցի աղջիկների կրթական ծրագիր, երբ 2012թ. հոկտեմբերին ծայրահեղական թալիբները հարձակվել էին նրա վրա: Աղջիկը ծանր վիրավորվել էր գլխի հատվածում ու Բրիտանիայում վիրահատվելուց հետո հաստատվել այդ երկրում:
2014թ. նոյեմբերին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ: