Ֆրանսիայում կալանավորվել են վրացական հանցավոր խմբի անդամներ, որոնց թվում կան նաև հայեր

Ֆրանսիայի ոստիկանությունը հատուկ օպերացիա է անցկացրել հանցավոր խմբավորումների դեմ, որը բաղկացած է եղել հետխորհրդային տարածքից Ֆրանսիա ժամանած անձանցից: Իրավապահների ձեռքում են հայտնվել «ռուսական մաֆիայի» վրացական թեևի ներկայացուցիչներ, որոնց կասկածում են գողություններ կատարելու մեջ:

Կալանավորվել է Վրաստանի 36 քաղաքացի, գրում է La Nouvelle Republique-ն: Ընդ որում՝ մամուլը որպես կասկածյալներ է նշում «օրենքով գողերի», սակայն չի մանրամասնում՝ արդյոք բոլոր կալանավորվածներն ունեն նման կարգավիճակ:

11 կասկածյալ ձերբակալվել է Լա-Ռոշելիում, 22 անձի կալանավորել են Ստրասբուրգում, ևս 3-ի՝ Նիորում: Կալանավորումներին մասնակցել է 250 ոստիկան ու ժանդարմերիայի 120 աշխատակից:

«Ամեն օր խմբի հանցավոր ղեկավարների կողմից իրականացվել են խոշոր չափերի հասնող գողություններ: Դժվար է հաշվարկել ճշգրիտ վնասը« սակայն խոսքը զգալի թվերի մասին է»,- ասել է Նանսի քաղաքի փոխդատախազ Գրեգորի Վեյլը:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ կալանավորումները կշարունակվեն: Ինչպես ընդգծում է Le Parisien-ը, ձերբակալվածներին կասկածում են վերջին շրջանում Ստրասբուրգում ու Լա-Ռոշելիում իրականացված ավելի քան 100 թալանի ու խանութների գողության մեջ:

Հավելենք, որ «ռուսական մաֆիա» բնորոշման տակ եվրոպացի ուժայինները նկատի ունեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած տարբեր երկրների ներգաղթյալներին, որոնք կրում են խորհրդային կրիմինալի ավանդույթները: «Ռուսական մաֆիոզիների» թվում կան Ռուսաստանի (հիմնականում՝ չեչեններ),Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի քաղաքացիներ:

Մի քանի ամիս առաջ «ռուսական կլանի» վրացական թևի դեմ պայքար էր մղել նաև Փարիզի ոստիկանությունը: Այդ ժամանակ հաջողվել էր ձերբակալել 10 մարդու, որոնք առնչություն ունեին Փարիզում ու դրա մերձակայքում իրականացված 120 գողությունների: Այդ հանցագործությունների հետևանքով պատճառվել էր 600 եվրոյի վնաս:

Վրացական կլանին լուրջ հարված էր հասցվել նաև 1 տարի առաջ Ֆրանսիայում: Այդ ժամանակ Նիցցայում, Մարսելում, Բորդոյում (Ակվիտանիա), Լիոնում ու փարիզյան մի շարք շրջանններում ձերբակալվել էր ավելի քան 40 մարդ:

Պարզվել է, որ նմանատիպ հատուկ օպերացիա անցկացվել է նաև Իտալիայում, Չեխիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում ու Լիտվայում:

Մասնավորապես, Հունգարիայում ոստիկանները ձերբակալել էին Քութայիսիի կլանից Մերաբ Սուխումսկուն:

Նշվում է, որ «օրենքով գողերը» Ֆրանսիա են «ժամանել» Դեդ Հասանի սպանությունից հետո, սակայն «ռուսական կրիմինալի» մուտքը Եվրոպա տեղի էր ունենում նաև 1990-ականներին:

Տեսանյութեր

Լրահոս