Աղավնոյում շուտով շահագործման կհանձնվի 50 նոր առանձնատուն

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում շուտով շահագործման կհանձնվի 50 նոր բնակարան:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունը` հավելելով, որ վերաբնակեցման գոտու զարգացման շրջանակներում ծրագիրը կյանքի է կոչվում ԼՂՀ կառավարության, «ARI» ընկերության և Արցախի ներդրումային հիմնադրամի համաֆինանսավորմամբ: Այժմ տարվում են բնակարանների ներքին հարդարման, տարածքի բարեկարգման և ջրի ներքին կոյուղացանցի աշխատանքները:

Աղավնոյի բնակիչները մշտական ջուր կունենան: Ծրագիրը եռափուլ է, յուրաքանչյուր փուլում նախատեսվում է կառուցել 50 բնակելի առանձնատուն: Շինարարական աշխատանքները սկսվել էին 2013 թվականից, որն իրականացնում են «Արգիշտի», «Մեխտրանսպորտ», «Էլիտստրոյ», «Եվրոստրոյ», «Արմեն-շին», «Դենարտ», «Ստրոյգիգանտ» կապալառու ընկերությունները:

Նշենք, որ «ԱՐԻ»-ն հիմնադրվել է 2009 թվականին լիբանանահայ գործարարների կողմից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով:

Այս շրջանների բնակիչները 2010 թվականից օգտվում են ընկերության՝ նպատակային փոխառությամբ տրամադրվող ֆինանսական միջոցներից: 6 տարիների ընթացքում «ԱՐԻ»-ն «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» միջոցով Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում շուրջ 1 միլիարդ 260 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 1000 ընտանիքների: Ավելի ուշ ընկերությունն ընդլայնել է ներդրումների շրջանակը՝ ԼՂՀ կառավարության հետ համատեղ մասնակցելով Աղավնոյում իրականացվող բնակարանաշինության ծրագրին:

Նախատեսվող 150 տներից 50-ի կառուցումը մոտենում է ավարտին, որին «ԱՐԻ»-ն մասնակցում է շուրջ 900 միլիոն դրամի ներդրումով: Բնակարանների մի մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է վերաբնակիչներին, իսկ մյուս մասը վաճառվելու է հիփոթեքային արտոնյալ պայմաններով:

Տեսանյութեր

Լրահոս