Սպանության փորձ՝ հյուրընկալության ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչ Մխիթարյանին Երևանում սպանելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Առերևույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։
2015 թվականի մայիսի 21-ին Մխիթարյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ին, իր կնոջ բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ոմն Դավթյան, գրպանից հանելով ծալովի դանակը, հարվածել է գոտկատեղին և ծնոտին` պատճառելով մարմնական վնասվածք:
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժած քաղաքացին իր կնոջ բնակարանում 2015 թվականի մայիսի 21-ին հյուրընկալել է ընկերներին, որոնց թվում է եղել նաև 32-ամյա Դավթյանը:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ժամը 19:00-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Մխիթարյանին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող, չթափանցող և կզակի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ մյուս ընկերը միջամտել է վիճաբանությանը և ձեռքից վերցրել դանակը:
Մխիթարյանը դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բժշկական օգնություն:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը և շարժառիթների վերաբերյալ տվել ցուցմունք։
Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական Կոմիտե