Դադաևի պաշտպանությունը հերքել է Նեմցովի սպանության զենքի առգրավման փաստը

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող ֆիգուրանտի պաշտպանությունը հերքել է տեղեկությունները, թե նրա տանից հայտնաբերել են սպանության գործիք հանդիսացող զենքը՝ ատրճանակը:

Այս մասին RIA Novosti-ին հայտնել է փաստաբան Շամսուդին Ցակաևը:
«Իրականում ոչ մի ատրճանակ էլ չկա: Ատրճանակ, որից սպանել են Նեմցովին, իրականում չկա ու չի էլ լինի, եթե այն միանգամից չեն հայտնաբերել»,- հայտարարել է Ցակաևը:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե ատրճանակը հայտնաբերվել է, փաստաբանը անվանել է «կեղծ լուրեր»:

«Իմ պաշտպանյալի գործով խուզարկություն տեղի է ունեցել միայն մարտ ամսին Ինգուշեթիայում Դադաևի մոր տանը, որտեղ առգրավել էին փամփուշտները: Դրանից հետո ոչ մի խուզարկություն, ոչ առգրավում տեղի չի ունեցել»,- հայտարարել է վերջինս:
Նա ընդգծել է, որ եթե զենք լիներ, ապա Դադաևի ու գործի մյուս ֆիգուրանտների պաշտպանությունները կծանոթանային փորձաքննության արդյունքների հետ, սակայն դա տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 28-ի երեկոյան 23։40–ին:

Տեսանյութեր

Լրահոս