Քաշաթաղում մեկնարկել են գարու բերքահավաքի աշխատանքները. նախնական ցուցանիշները գոհացուցիչ են
Քաշաթաղի շրջանում` մերձարաքսյան Որդնավ գյուղի տարածքում, գարնան վերջին օրվանից սկսվել է գարու բերքահավաքը:
Քաշաթաղի շրջանային «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ, բերքահավաքն անկորուստ և ժամանակին կազմակերպելու նպատակով շրջանի Իշխանաձոր գյուղում գործում է բերքահավաքի կազմակերպման և հակահրդեհային շրջանային շտաբը, որն անձամբ ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
Կենտրոնական շտաբում գործում է շուրջօրյա հերթապահություն՝ շրջվարչակազմի կառույցների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ: Հերթապահությանը մասնակցում են նաև շրջանում գործող ուժային և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Աղբյուրի հաղորդմամբ, շուրջ 8000 հեկտար գարու և ցորենի ցանքատարածություններում սկսված բերքահավաքի բերքատվության նախնական միջին ցուցանիշը հեկտարից կազմում է 30ց՝ նախորդ տարվա 9,6 ց-ի փոխարեն: