Արամ Ա-ն Բոստոնում այցելել է Ս. Ստեփանոս ազգային վարժարան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանի, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանի և միաբան հայրերի ընկերակցությամբ հունիսի 1-ի առավոտյան այցելել է Բոստոնի Ս. Ստեփանոս ազգային վարժարան:

Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ` դպրոցի մուտքի մոտ նրան դիմավորել են Ս. Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Անդրանիկ Ավ. Պալջեյանը, վարժարանի հոգաբարձուները, տնօրեն տիկ. Հուրի Պոյամյանը և ուսուցչական կազմը:

Վարժարանի տնօրենը ողջունել է Վեհափառ Հայրապետին և շնորհակալություն հայտնել այցելության համար: Վեհափառ Հայրապետը նախաճաշել է վարժարանի աշակերտների հետ, որից հետո դպրոցի աշակերտները երգեր ու ասմունքներ են ներկայացրել:

Նորին Սրբությունը գնահատել է եկեղեցու և վարժարանի հոգաբարձուներին, տնօրինությանը, ուսուցչական կազմին ու ծնողներին բոլոր զոհողությունների համար: Խոսքն ուղղելով աշակերտներին` նա նշել է, որ հայոց լեզվի նկատմամբ պետք է հատուկ սեր ու հետաքրքրություն ունենալ, հպարտանալ հայ լինելով և յուրաքանչյուրն իր հերթին մասնակից դառնալ համայնքի կյանքին:

Ավարտին Վեհափառ Հայրապետը շրջել է վարժարանի բոլոր դասարաններով և զրուցել աշակերտների հետ: Նա մոտիկից հետաքրքրվել է աշակերտների հայեցի առողջ դաստիարակության և քրիստոնեական կազմավորման դպրոցի մշակած ծրագրերով:

Տեսանյութեր

Լրահոս