«Միայն բարևում են հայերեն, խոսել չգիտեն». Ն.Զոհրաբյանը՝ Հրանուշ Հակոբյանին
Հայրենիք-սփյուռք գործակցության ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրամադրվել է 34.5 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.8%-ով: Այս մասին այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ շրջել է Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում և այնտեղ ուծացում է գնում, երեխաները չեն կարողանում հայերեն խոսել: Ն.Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարելի է կարգավորել խնդիրը, որպեսզի այդ համայնքներում, որտեղ Ադրբեջանը շատ լուրջ քարոզչություն է իրականացնում, երեխաներին հայ պահել:
«Միայն բարևում են հայերեն, խոսել չգիտեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Հ.Հակոբյանը համաձայնեց, որ իրոք, գնալով պակասում է հայերեն լեզվով խոսքը սփյուռքում: Նա նշեց մի քանի պատճառներ՝ խառնամուսնություններ, հեռավորությունը, որ հայրենիք գալը ֆինանսական դժվարությունների հետ է կապված և այլն: Նախարարի խոսքով՝ ՀԲԸՄ հետ ստեղծել են վիրտուալ դպրոցի էջը. «Գտնում ենք՝ հայանալու, հայ ապրելու գլխավոր բանաձևը հայրենիքը տեսնելն է, և դա է պատճառը, որ հայաճանաչության ծրագրին մեծ տեղ ենք տալիս: Երեխաներրը, որ գալիս են, ձգտում են հաջորդ տարի նորից գալ ու իր շրջապատին էլ փորձում է հայերեն խոսեցնել»:
Հ.Հակոբյանը նշեց, որ մասնագետներ են ուղարկում Ավստրալիա ու ԱՄՆ՝ հայերենի ուսուցիչներին վերապատրաստելու համար: