Բաժիններ՝

Արամ MP3-ն՝ Չարենցի հետ կոնֆլիկտի լուրերի և անակնկալ նորության մասին

Հումորիստ, երաժիշտ Արամ MP3-ն ամռանը երաժշտական անակնկալ նորություն է խոստանում։ BlogNews.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առայժմ չի ցանկանում բացահայտել՝ խոսքը տեսահոլովակի՞, զուգերգի՞, թե՞ մեկ այլ բանի մասին է, սակայն կարծում է՝ այն հաճելի անակնկալ կլինի հանդիսատեսի համար։

Արամի փոխանցմամբ՝ այս փուլում նաև նոր երգ է պատրաստում, իսկ հունիսի 11–ին մենահամերգ կունենա Ջազզվեի բացօթյա սրճարանում (Ազատության հրապարակ, Կենտրոն: «2 տարի առաջ արդեն ունեցել եմ համերգ Ջազզվեում, որը շատ լավ անցավ։ Հիմա կրկին պատրաստվում եմ համերգի ու հրավիրում բոլոր նրանց, ովքեր ուզում են լավ ժամանակ անցկացնել»,- ասաց Արամը՝ հավելելով, որ ակումբային համերգներում անմիջականություն կա, որը բացակայում է մեծ համերգների ժամանակ։

«Ցանկանում եմ համերգ ունենալ նաև մեծ համերգասրաhում։ Այն հավանաբար աշնանը կամ ձմռանը կլինի։ Մեծ համերգն էլ իր դրական կողմերն ունի, քանի որ ահռելի քանակությամբ էներգիա է տալիս։ Ակումբային և մեծ համերգները 2 տարբեր երևույթներ են, թեպետ երկուսն էլ քեզ դրական էներգետիկայով են ողողում»,- հայտնեց երաժիշտը։

Անդրադառնալով «Վիտամինի» լռությանը՝ Արամն ասաց, որ ակումբն իր գործունեությունը կվերսկսի աշնանը։ Արամի հետ կայքի թղթակիցը խոսել է նաև նախկին «վիտամինցի» Չարենցի՝ ակումբից վերջնական դուրս գալու մասին, քանի որ նա շարունակում է աշխատել, սցենար է գրում «Խոպանի տեսություն» սիթքոմի համար, սակայն «Վիտամինի» հետ այլևս չի աշխատում։ «Դա նրա որոշումն էր. նա որոշեց «Վիտամին» ակումբից դուրս շարունակել իր աշխատանքը»,- ասաց նա։

Ըստ Արամի՝ կոնֆլիկտ չի եղել, իրենց շփումը շարունակվում է, սակայն աշխատանքի բերումով չեն կարողանում նախկինի պես շատ շփվել։ «Աշխատանքի բերումով ավելի շատ շփվում էինք «Վիտամինի» շրջանակներում։ Երբ մարդն այլ աշխատանք է ունենում, շփման միջոցները քչանում են»,- նշեց Արամը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս