Բաժիններ՝

Կնոջս անցյալի այդ հատվածը մեծ նշանակություն է ունեցել ինձ համար. Ռուբեն Սասունցի. Life.panorama.am

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը ժողովրդական երգիչ Ռուբեն Սասունցին է, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով կներկայացնի իր նոր ձայնասկավառակը. «Շուտով արդեն պատրաստ կլինի նոր ձայնասկավառակս, որտեղ ընդգրկված կլինեն ազգային, հայրենասիրական, ֆիդայական երգեր»,- պատմեց երգիչը:

Մեր օրերում ձայնասկավառակների վաճառքի փոքր ցուցանիշից երգիչը չի մտահոգվում. «Ինչպես մեր օրերում յուրաքանչյուր երգիչ, ես էլ ձայնասկավառակով գումար չեմ վաստակում, ուղղակի այդ երգերը ինձ համար շատ կարևոր են, գումարից առավել ինձ հուզում է, որպեսզի մեր երիտասարդությունը ծանոթանա մեր ազգային ֆիդայական երաժշտությանը, բացի այդ ձայնասկավառակի միջոցով ես կապրեցնեմ և սերունդներին կփոխանցեմ մեր ազգային երգերը, իմ միջոցով էլ դրանք մնայուն կլինեն»,- նշեց նա:

Ռուբեն Սասունցին իր հանդիսատեսին առաջիկայում միայն ձայնասկավառակով չի ուրախացնի. աշնանը երգիչը հանդես կգա մեծ համերգ-ներկայացումով.

«Պատրաստվում եմ մեծ համերգով հանդես գալ: Դեռ ես և Գոհար Հովհաննիսյանը քննարկում ենք, որպեսզի համատեղ այն ներկայացնենք: Մեզ համար գլխավորը այն է, որ համերգը լինի հետաքրքիր, դրա համար որոշել եմ շարունակել ինձ համար ավանդույթ դարձած երգի հետ համատեղ բեմականացումները, որոնց ժամանակ ես ինքս, մասնակցելով տարբեր պարային խմբերի հետ, հենց բեմում ներկայացնում ենք հայկական ավանդական հարսանիք, մարտի դաշտ, ֆիդայական հաղթական պարեր և այլն»,- պատմեց երգիչը:

Ռուբեն Սասունցին նկատեց, որ համեմատելով հայաստանաբնակ և սփյուռքահայ հայ երիտասարդներին՝ Հայաստանից հեռու ապրող երիտասարդները ավելի մոտ են կանգնած ազգային երաժշտությանը.

«Երբ մենք դրսում համերգներ ենք ունենում, աներևակայելի է պարզապես այն տեսարանը, երբ տեսնում ենք, թե ինչպես են մեզ հետ հավասար ազգային երգերը երգում այնտեղ ապրող երիտասարդները, ովքեր պետք է, որ ավելի եվրոպականացված լինեին, ես կասեի, նրանք բացի ազգային երաժշտությունից ոչինչ չեն լսում: Իհարկե, Հայաստանում էլ գնալով, ի ուրախություն մեզ, ավելանում են ազգային երաժշտությունը նախընտրող երիտասարդները, դա են վկայում համերգների ժամանակ հենց առաջին շարքերում կանգնած երիտասարդները»:

Թե ինչի հետևանք է սփյուռքահայ և հայաստանաբնակ երիտասարդության նման վերաբերմունքը ազգային երաժշտության նկատմամբ, Ռուբենը նշեց. «Կարծում եմ դա ընտանիքի դաստիարակության հետևանքն է, գուցե սփյուռքում կա հայրենիքի նկատմամբ մեծ կարոտ, բայց վստահ եմ, որ այդ հարցում ամեն բան գալիս է հենց ընտանիքից: Ժամանակ է պետք, վստահ եմ, որ գնալով Հայաստանում ապրող երիտասարդն էլ եվրոպական մտածելակերպի հետ միասին ավելի շատ կարժևորի ազգային մշակույթը»:

Ռուբենը, ընտանիքի մասին խոսելիս, պատմեց նաև, թե ինչպես է կնոջը ընտրել որպես կյանքի ուղեկից.

«Ինձ համար կարևոր էր կնոջս հայ տեսակը և ի ուրախություն ինձ, նրա մեջ էլ իսկզբանե սերմանված է եղել ազգային հայրենասիրական մշակույթը, քանի որ կնոջս հայրը պատերազմի մասնակից ֆիդային է եղել: Ընտրություն կատարելու ժամանակ կնոջս անցյալի այդ հատվածը մեծ նշանակություն է ունեցել ինձ համար»,- նշեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս