Նկարահանվել է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին պատմող ֆիլմ

Համացանցում արդեն հասանելի է «70-ամյա հաղթանակի վկաները» ֆիլմը, որը պատմում է Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության մասին:

Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր, Մտահղացման հեղինակ Ավետիք Հարությունյանը, ֆիլմի առանցքում 70-ամյա վաղեմության հուշերը հնչեցվում են Արցախի հինգ շրջաններն ու մայրաքաղաք Ստեփանակերտը ներկայացնող Մեծ Հայրենականի վետերանների շուրթերից և ամբողջացվում արցախցի պատմաբանի կողմից կատարված դիտարկումներով ու հետևություններով: Խոսելով Մեծ Հայրենականի վետերանների մասին ֆիլմ պատրաստելու մտահղացման մասին Ա. Հարությունյանը հայտնեց, որ այդ գաղափարը ծագել էր տարիներ առաջ։

«Պապս` Մեծ Հայրենականի վետերան Աշոտ Արտեմի Միրզոյանը, հետաքրքիր պատմություններ էր պատմում իր ռազմաճակատային կենսագրությունից, որոնց մի մասը դեռևս թարմ են հիշողությանս մեջ, սակայն այն ժամանակ դրանք հավերժացնելու հնարավորություն չի ընձեռվել:

Հաղթանակի 70-ամյակի նախաշեմին, երբ այդ հնարավորությունը ստեղծվեց, փորձեցինք մեր վետերանների կերպարների հիման վրա մնայուն արժեք ստեղծել՝ Արցախի ու նրա մաքառող սերունդների համար: Նախաձեռնությունը պայմանավորված է նաև նրանով, որ մինչ այս Մեծ Հայրենականին մասնակից արցախցի վետերանների կյանքի, անցած ուղու և փառավոր էջերի մասին պատմող ֆիլմ նկարահանված չէր, իսկ կատարված աշխատանքը երիտասարդներիս շնորհակալության արտահայտումն է այն վետերաններին, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, ֆաշիզմի դեմ հաղթանակ են տոնել ու մեզ պարգևել ազատ ու անկախ ապրելու այսօրվա իրավունքը», -մանրամասնեց ֆիլմի մտահղացման հեղինակը : Ա. Հարությունյանի հաղորդմամբ, ֆիլմը նկարահանվել է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) կողմից՝ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս