ՕԵԿ-ը հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա է նախաձեռնում

Երեկ տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստում, մասնավորապես, քննարկել է Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը:

ՕԵԿ-ը, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի անվտանգության ապահովման, պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում համարձակ ու ժողովրդանպաստ բարեփոխումների խորացման, պետության տնտեսական առաջընթաց զարգացման և ժողովրդավարության խորացման համար, կարևորում է Հայաստանում միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, կարևորելով համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի` ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների և անհատ քաղաքացիների միջև, որոշում է.

Նախաձեռնել հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա երկրի խնդիրներով մտահոգ առավել շատ քաղաքական ուժերի և հասարակական ակտիվ շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ մասնակցությամբ:

Վարչությունն արձանագրում է, որ միայն լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիայով, երկրի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների և անհատների ջանքերով է հնարավոր վճռական պոռթկում կատարել և երկիրը տանել զարգացման և առաջընթացի ճանապարհով:

Կուսակցության վարչությունը դիմում է երկրի ճակատագրով մտահոգ հասարակական և քաղաքական կազմակերպություններին համախմբելու ջանքերը հավաքական ուժերով պայքարելու Հայաստանի վերածննդի և զարգացման համար:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ նիստին նախորդած ժամանակահատվածում քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունեցել 50-ից ավելի հասարակական և քաղաքական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու նախաձեռնությանը, իսկ գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Արթուր Բաղդասարյանը ընդգծեց, որ թե ՕԵԿ-ը և թե գործընկեր կազմակերպությունները վստահ և լիահույս են, որ համատեղ ուժերով հնարավոր է երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը՝ ամուր հենք ստեղծելով Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:

Նիստում նաև քննարկվել են կուսակցության կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր:

 

ՕԵԿ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս