Բակո Սահակյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Երեխաները մեր կյանքի ուրախությունն են եւ իմաստը, հետեւաբար նրանց առօրյան ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելը յուրաքանչյուր ծնողի գերագույն նպատակն է: Այդպես է նաեւ պետության պարագայում:
Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր ծրագրեր` ուղղված մատաղ սերնդի առողջության պահպանմանը, ուսման որակի բարձրացմանը, երեխաների հանգստի կազմակերպմանը, նրանց բազմակողմանի զարգացման ապահովմանը: Տարեցտարի ավելանում է նոր ու հարմարավետ, ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցների ու մանկապարտեզների, հիվանդանոցների եւ խաղահրապարակների թիվը:
Այդ աշխատանքները կլինեն շարունակական` մեծապես նպաստելով Արցախի երեխաների խնդիրների լուծման, մեր ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործին:
Այս հրաշալի տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլոր փոքրիկ արցախցիներին եւ մաղթում նրանց խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Եղեք միշտ ուրախ ու երջանիկ, եւ թող ձեր ամեն մի քայլը պսակվի հաջողությամբ:
ք.Ստեփանակերտ, 1 հունիսի 2015թ»: