Մասիսի ոստիկանությունում $1000 կաշառք են պահանջել քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց

Քաղաքացի Կարինե Շ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել ամուսինը և նրա բարեկամը:

Վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց հիշյալ բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը միջնորդի միջոցով պահանջել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Կարինե Շ.-ն գումարի մի մասը` 400 հազ. ՀՀ դրամը, նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, բաժնի մոտակայքում միջնորդի միջոցով փոխանցել է նրան և պայմանավորվածություն ձեռք բերել, որ մնացած գումարն էլ փոխանցելու է հետագայում:

Քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման հիման վրա միջնորդի միջոցով հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու և վերջինիս կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 313-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս