Ավանտյուրա՝ «Նաիրիտի» շուրջ
«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը փորձում է «ձեռքերը լվանալ» Կապույտ լիճ տեղամասի խողովակները վաճառելու գործից: 168.am-ի տեղեկություններով՝ նրանք հրավիրում են համակարգող խմբի անդամներին ու համոզում` ստորագրություն տալ, որ համաձայն են խողովակների վաճառքին: Հիմնական փաստարկն աշխատավարձերի պարտքի վճարումն է: Սակայն, մասնագետների պնդմամբ, այդ խողովակների վաճառքի դեպքում այլևս հնարավոր չի լինի «Նաիրիտի» վերագործարկումը: Այսինքն, եթե գործարանի հետ կապված իրապես լուրջ նպատակներ լինեին, այդ խողովակների վաճառքի հարցն ընդհանրապես չէր քննարկվի: Այժմ խնդիրն այն է, որ բաժնետիրոջ բացակայության պայմաններում, երբ բաժնետոմսերը շարունակում են գրավադրված մնալ ԱՊՀ Միջպետական բանկում, ո´չ գործարանի ղեկավարությունը, ո´չ էլ ՀՀ կառավարությունն իրավունք չունեն որևէ գույք վաճառել՝ առանց Բանկի թույլտվության:
Իսկ թույլտվություն չկա: Եվ եթե նաիրիտցիներին համակարգող խումբը տա նման համաձայնություն, ապա հետագայում դա շատ լավ «ալիբի» կլինի՝ թե´ վաճառքն արդարացնելու (եթե Բանկը հաշիվ պահանջի), և թե´ վերագործարկման հարցն օրակարգից հանելու համար: Խողովակները վաճառելու գաղափարի հեղինակները հաշվի չեն առել նաև, որ համակարգող խմբի անդամները լիազորված չեն բոլոր նաիրիտցիների անունից նման համաձայնություն տալու կամ չտալու:
Ընդ որում, այդ խողովակների վաճառքից ստացված գումարը չի բավականացնի նաիրիտցիների աշխատավարձի ամբողջ պարտքը մարելու համար: Կստացվի, որ այդպիսով կլուծեն միայն 1-2 ամսվա աշխատավարձի խնդիր ու հետո կմոռանան պարտքի մասին: