Բաժիններ՝

Ռիկ Սանտորումը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը հայտարարել է, որ մտադիր է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2016 թվականին: Սանտորումն իր նախընտրական կամպանիան սկսել է երեկ` այցելելով Քեբթո քաղաքի գործարան: Այստեղ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ում միջին դասը վերացրել են ոչ միայն մեծ կառավարությունը, այլև` խոշոր բիզնեսը:

Նախկինում Սանտորումն արդեն իսկ իր թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: 2012 թվականի նախընտրական մրցավազքում նա երկար ժամանակ մնացել է Միթ Ռոմնիի գլխավոր մրցակիցը` կապված նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուն դառնալու իրավունք ստանալու հետ: Սակայն հետագայում նա հրաժարվել է պայքարից:

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու իրենց մտադրության մասին արդեն հայտարարել են Արկանզաս նահանգի նախկին նահանգապետ Մայք Հակավբին, սենատորներ Թեդ Կրուզն ու Ռենդ Փոլը, Hewlett-Packard-ի նախկին գլխավոր տնօրեն Կառլի Ֆիորինան, ինչպես նաև նեյրովիրաբույժ Բեն Կարսոնը:

Ակնկալվում է, որ այդ կուսակցությունից ընտրություններին կարող են մասնակցել նաև Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթին, Վիսքոնսինի նահանգապետ Սքոթ Ուոքերը, սենատորներ Լինդսի Գրեհեմն ու Մարկո Ռոբիոն, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս