ԵԿՄ-ն վրե՞ժ է լուծում Ռուբեն Գևորգյանից. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի է ունեցել ԵԿՄ վարչության նիստ, սակայն Աբովյանի ընտրությունների հարցը նիստում չի քննարկվել, «բոլորովին այլ հարցեր են եղել նիստի առանցքում», տեղեկացրեց ԵԿՄ մամլո պատասխանատու, Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը, որից փորձեցինք ճշտել, թե, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ԵԿՄ-ն Աբովյան քաղաքի ընտրություններում, քանզի ԵԿՄ-ի մի մասը Վահագն Գեւորգյանին է պաշտպանում, մյուս մասը` Արթուր Հարությունյանին:
«Կենտրոնացած դիրքորոշում այդ հարցում չկա, քանի որ դրանք համապետական ընտրություններ չեն. նայեք` Կոտայքի մարզային խորհուրդը հայտարարել է, որ պաշտպանում է Վահագն Գեւորգյանին, իսկ Աբովյանի տարածքային բաժանմունքը, ուր երկրապահները մտերիմ հարաբերություններ ունեն Արթուր Հարությունյանի հետ, հայտարարել են, որ իրեն են ընտրելու, ինչն էլ չի արգելվել վերեւից»: «Վերեւ» ասելով՝ նկատի ունեք Մանվել Գրիգորյանի՞ն: «Նկատի ունեմ ԵԿՄ վարչությանը»: Այսինքն` ազատ եք թողել քվեարկությունը: «Կարելի է այդպես ասել»: Գեներալ Մանվելը երկակի մոտեցո՞ւմ է հանդես բերում, ինչպես եղավ 2008-ին: «Նախ` գեներալը 2008-ին նման մոտեցում հանդես չի բերել, եւ հետո` անալոգիան ամենեւին տեղին չէ»: Վրե՞ժ եք լուծում Ծաղիկ Ռուբոյից՝ ԵԿՄ-ն պառակտելու համար: «Լա՜վ, էլի, նման բան ընդհանրապես չկա»»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։