Ադրբեջանի գազային պաշարները առնվազն 100 տարի կապահովեն մեզ ու մեր գործընկերներին. Իլհամ Ալիև
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրում նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի էներգետիկ դերակատարությանը.
«Ներկայումս մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ ժամանակին, իսկ միգուցե նաև վաղաժամ ապահովվի Հարավկովկասյան խողովակաշարի ընդլայնումը, որը մեզ կապում է Վրաստանի հետ, և TANAP գազատարի կառուցումը:
Կարծում եմ, որ մենք ժամանակին, միգուցե և ավելի շուտ կհասնենք մեր նպատակների իրագործմանը: Նախորդ տարվա սեպտեմբերի 20-ին դրվեց Հարավային գազային միջանցքի հիմքը: Այդ օրն ունի նաև շատ խորհրդանշական իմաստ: Իսկ մարտին Թուրքիայում դրվեց TANAP նախագծի հիմքը»:
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ արհեստական որևէ խնդիր չի ծագի TAP գազատարի կառուցման հարցում. «Պետք է նաև ընդգծել, որ Ադրբեջանի հարուստ գազային պաշարները առնվազն 100 տարի կապահովեն մեզ ու մեր գործընկերներին»: