Բաժիններ՝

Պոլիուրեթանե դժոխք. սպառնո՞ւմ է արդյոք այն Հայաստանին

Կամ՝ աղքատության դիվիդենտները

Օրերս Բաքվում պոլիուրեթանով պատված շենքի րոպեների ընթացքում հրդեհվելը հարցադրումներ առաջադրեց ոչ միայն հարևան երկրի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես հետո պարզվեց, առնվազն 800 նման շենք կա: Ցավոք, սա ոչ հրակայուն նյութով և ոչ ճիշտ իրականացված ջերմամեկուսացման պատճառով մարդկային կյանքեր խլած միակ դեպքը չէ:

Շատերը դեռ հիշում են 2009 թվականին հանրության մեջ լայն արձագանք ստացած սահմռկեցուցիչ դեպքը: Ռուսաստանի Պերմ քաղաքի «Хромая лошадь» գիշերային ակումբում տեղի ունեցած խոշոր հրդեհը 156 մարդու կյանք խլեց: Զավեշտն այն է, որ մինչև հրդեհը, հարակից շենքերի` աղմուկից վրդովված բնակիչների բողոքից հետո՝ գիշերային ակումբի պատերը ձայնամեկուսացրել էին պենոպլաստով, որը ոչ թե ձայնամեկուսիչ, այլ՝ ջերմամեկուսիչ շերտ է: Այրվող նյութը և դրանից արտամղվող թունավոր գազը խուճապի մատնված ամբոխից քչերին ապրելու հնարավորություն տվեցին: Համանման դեպքեր, ավելի փոքր մասշտաբներով, գրանցվել են նաև հետխորհրդային այլ երկրներում, թեև «փոքր մասշտաբ» արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէ, եթե այն մարդկային կյանքեր է արժեցել:

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Բաքվում` կարող ենք դատել միայն ադրբեջանական ԶՄԼ-ների տեղեկատվությամբ և լուսանկարներով: Սակայն ընդհանուր եզրահանգումներ անելը դժվար չէ. աշխատանք՝ իրականացված ջերմամեկուսացման նորմերի խախտումով` առանց այդ էլ հրավտանգ նյութը հնարավորինս էժան իրացնելու միտումով:

Կարդացեք նաև

Իրականում «պոլիուրեթանե սալիկներ» արտահայտությունն այնքան էլ ճիշտ չէ. ջերմամեկուսիչ այս շերտը հիմնականում տեղադրվում է երեսպատման սալիկների տակ: Այսինքն՝ մնում է քարի և երեսպատման շերտի արանքում, թեև դա չի նվազեցնում վտանգը: Սակայն, գոյություն ունեն նաև պոլիուրեթանի և պենոպոլիստիրոլի բարակ «թերթիկներ», և, դատելով այն լուսանկարներից, թե ինչպես են Բաքվում մարդիկ շենքերի վրայից հանում հարդարման մահացու շերտը, թերևս, դրանց վրայից պարզապես ներկել են շենքը` «էժան պրծնելու» համար: Այսինքն՝ սիրուն տեսք են տվել այն ռումբին, որի ներսում մարդիկ են բնակվել:

Ուրեմն՝ ինչո՞ւ է այս նյութը կիրառվում` դրա՝ գուցեև արտակարգ ջերմամեկուսիչ հատկությունները վեր դասելով մարդկային կյանքերից: Մասնագետների կարծիքները պոլիուրեթանի վերաբերյալ տարբեր են:

Մի մասը նշում է, որ գոյություն ունի «չվառվող» պոլիուրեթան: Մյուսն էլ, թե` օրգանական չվառվող հումք չկա, ուղղակի այդ օրգանական նյութերի մեջ կարելի է խառնել, այսպես կոչված, հակակրակային խառնուրդներ` անտիպիրեններ: Այսինքն, ինչ-ինչ նյութերի ներարկումով կարելի է ստանալ պոլիուրեթանի հրակայուն տարբերակը, սակայն դա ջերմամեկուսացման արժեքը թանկացնում է 25-30%-ով:
Այս պահին կարելի է վստահ ասել` հանգստացեք, պոլիուրեթանե դժոխքը Հայաստանին չի սպառնում:

Պենոպոլիստիրոլ և պոլիուրեթան արտադրող, ներկրող և վաճառող ընկերությունները Հայաստանում քիչ են, ունեն համապատասխան արտոնագիր, բացի այդ, ոչ մի հիմք չունենք պնդելու, որ մեզ մոտ այդ ամենը նույնքան անբարեխիղճ է իրացվում, ինչպես հարևան երկրում:

Իհարկե, երաշխավորը, հատկապես՝ սարսափելի նախադեպերից հետո, մենք չէ, որ պետք է լինենք, մանավանդ որ, այդ նյութերով ջերմամեկուսացված շենքեր, այնուամենայնիվ, ունենք:

Սակայն, բացառությամբ վերջին տարիներին արված մի քանի էպիզոդիկ դեպքերի, դրանք լայնորեն չեն կիրառվում Հայաստանում (թեև շուկայում ջերմամեկուսացնող այս նյութերի հանդեպ հետաքրքրությունն աճում է): Դրա համար մենք միջոցներ չունենք:

Պոլիուրեթանը թանկ նյութ է. դրա 1 սմ-ն 1 քմ-ի համար արժե 1100 դրամ: Զգալի ջերմամեկուսացում ունենալու համար հարկավոր է պատի վրա առնվազն 3 սմ պոլիուրեթան «փչել», այսինքն՝ 3 քմ-ի համար ծախսել 3300 դրամ (հաշվարկները մոտավոր են): Եթե դրան էլ գումարենք այն հրակայուն դարձնելը` պատկերացրեք, հազարավոր քմ-ների համար որքան ներդրում հարկավոր կլինի:

Ստացվում է, որ մեր տկարությունն այս անգամ մեզ կրակի աղետից է փրկել, ճիշտ է, գցելով մեկ ուրիշ՝ բնակարանները տաքացնելու հետևանքով բնակիչների գրպանները դատարկող աղետի մեջ: Մենք էլ մեկ այլ ծայրահեղության մեջ ենք. որքանո՞վ է այսօր, առհասարակ, Հայաստանում կարևորվում շենքերի ջերմամեկուսացման հարցը: Անգամ մեր երկրի էլիտար կոչվող շենքերի պատերից միջինը մոտ 50 % ջերմային կորուստ է տեղի ունենում: Դրանց պատի ջերմային դիմադրությունը հավասար է ընդամենը 1,3-ի, երբ նորմը 2,2-2,8 է:

Մինչդեռ աշխարհում այս ուղղությամբ արդեն շատ վաղուց են աշխատում: Շատ երկրներում ամրության համար պահանջներն այնքան խիստ չեն, որքան ջերմամեկուսացման և ջերմության խնայողության: ԱՄՆ-ում ջերմամեկուսիչ պատեր կառուցելու լիցենզիան պարտադիր է, որպեսզի կառուցված շենքում էներգառեսուրսներն օգտագործվեն ոչ թե՝ մթնոլորտ ուղարկելու, այլ՝ տաքանալու համար:

Դեռ 4-5 տասնյակ տարի առաջ Գերմանիայում ուղղաթիռով շրջում էին և հատուկ սարքերով ստուգում շենքերի, առանձնատների ջերմադիմադրությունը, և, եթե նորմից շատ էր լինում, բնակիչներին ստիպում էին ջերմամեկուսացնել իրենց շենքերը: Այդ նպատակի համար պետությունը քաղաքացուն արտոնյալ վարկ էր տրամադրում:
Մեզ մոտ էլ շենքերի ջերմամեկուսացման անհրաժեշտության գիտակցությունն աճում է: Սա, իհարկե, չի նշանակում, որ շենքերը պետք է ջերմամեկուսացնել հրավտանգ նյութերով, հանցավոր անփութությամբ, նորմերի անտեսումով: Տարբերակներ շատ կան: Դրանցից մեկը մեր հող ու ջրի պարգևած քարն է, որն արժանի է ջերմամեկուսացման գահին բազմելու: Չայրվող և հուսալի պեռլիտը:
Ցավոք, աչքաթող արված:

Հասմիկ Բադալյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս