
ԱԳՆ-ի տվյալներով, 15-20 հազար հայ է մնացել Սիրիայում

«Սիրիայում մնացած հայերի վիճակը շատ դժվար է, մարդկանց դուրս բերելու հարց չի կարելի դնել, մարդկանց փոխարեն որոշում չկայացնենք: ՀՀ-ի դռները բաց են: Սիրիայում երևի եզակի դեսպանությունն է, որ նույն մասշտաբով աշխատում է, մարդկանց համար հեշտացված պայմաններ են ստեղծված մուտքի արտոնագիր և ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, աննախադեպ պայմաններ: Նույնը կատարվում է ՀՀ մեջ: Ով ցանկություն ունի՝ գալիս է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը:
Ըստ նրա՝ ԱԳՆ տվյալներով, մինչև 15-20 հազար հայ է մնացել Սիրիայում. «Առ այսօր հակահայկական բան չի եղել այնտեղ: Եղել է հակաքրիստոնեական, այսինքն՝ քրիստոնեական փոքրամասնությունների դեմ ուղված և չի կարելի ասել միայն հայերի մասին, բոլորն են ծանր վիճակի մեջ: Դամասկոսում վիճակը ավելի հեշտ է, ծանր է Հալեպում և Համշիրում մնացած հայության համար»: