Բաժիններ՝

«Եթե մի մարդ թույլ է տալիս՝ իր գլխին պոպոք ջարդեն, երրորդ, չորրորդ անգամ էլ թույլ կտա». «Հանրային խորհրդի» անդամ

Այսօր «Հանրային խորհրդի» (ՀԽ) Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նպատակահարմարության հարցը, Արշակ Սադոյանն առաջարկեց պատասխանատվության ենթարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և պահանջել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի հրաժարականը:

ՀԽ-ի անդամ Աշոտ Աշոտյանն էլ կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Նազարյանի գնալով՝ մեծ խնդիր չի լուծվի. «Ռոբերտ Նազարյանը կգնա, կգա Պողոս Պողոսյանը, այստեղ կոնցեպտուալ խնդիր է, չեմ կարծում, որ Ռոբերտ Նազարյանն այսօր իրենից դուրս որոշում է կայացնում, եթե խնդիրը դրա մեջ է, վաղն էլ կկազմակերպենք՝ այդ մարդը դուրս կգա, այսինքն՝ ես դեմ չեմ պարոն Սադոյանի այն ասածին, որ այսօր այդ հանձնաժողովը ծառայում է՝ գիտենք՝ ում և ինչի համար: Եթե մի մարդ թույլ է տալիս իր գլխին պոպոք ջարդեն, երրորդ, չորրորդ անգամ էլ թույլ կտա: Մենք հարյուրամյակ ենք նշում, ամբողջ աշխարհին բևեռում ենք դեպի Հայաստան, ինքներս ստեղծում ենք պայմաններ, որ մեր ժողովուրդն այստեղ չմնա: Դրա համար ես առաջարկում եմ հոսանքը թանկացնել ոչ թե 10 դրամով, այլ 500 դրամով, որպեսզի այդ խնդիրը միանգամից լուծվի՝ կա՛մ մնան, կա՛մ չմնան, ու հասկանանք՝ մենք որտեղ ենք ապրում: Իհարկե, սա կատակ է»:

Նրա խոսքով՝ իրենք տարիներ շարունակ հավաքվում են, իրենց կարծիքը հայտնում, բայց իրենց «բանի տեղ դնող չկա». «Մինչև օրս պայմաններ չեն ստեղծված, որ «Հանրային խորհրդի» մարդիկ ունենան ստատուս, կարողանան ներգրավվել հասարակական կյանքին: Այսօր էներգիայի թանկացում ենք քննարկում, համոզված եմ՝ վաղը քննարկելու ենք գազի թանկացումը, հետո՝ ջրի, հետո՝ երևի օդի»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս