Ի՞նչ կլինի, եթե պետական աշխատողների թիվը կրճատվի 10 հազարով
115 մլրդ դրամ է ծախսվում 60 հազար աշխատող պահելու համար. որ կառավարության աշխատողները 60 հազար չլինեն, 50 հազար լինեն, կատաստրոֆիկ վիճակ կլինի՞: Նման հարցադրում այսօր ԱԺ պետաիրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ այդ թվի մեջ մտնում են նաև ոստիկանության աշխատակիցները, քաղծառայողներ, բայց ոչ ՊՈԱԿ-ները, զինծառայողների մի մասը. «Ցանկացած պարագայում, ցանկացած համակարգում կարելի է կրճատումներ անել, բայց պետք է արդյունավետությունը դիտարկել: Օրինակ՝ ԵՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցումը ենթադրում է որոշակի աշխատողների ավելացում»:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց 1 միլիոն աղքատների մասին. «Ես դեմ եմ կրճատումներին, որովհետև նրանք լրացնելու են գործազուրկների թիվը, բացի որոշ պաշտոնյաներից, որոնց պետք է կրճատել: Բայց չարտերներ, ֆուրշետներ, ընդունելություններ, գործուղումներ, մեքենաներ… Չի՞ կարելի անցնել արտակարգ տնտեսման ռեժիմի»:
Դ.Հարությունյանը համաձայնեց, որ տնտեսման ռեժիմ միշտ պետք է լինի, բայց ըստ նրա, դա չպետք է դառնա ծայրահեղություն, քանի որ երբեմն տնտեսումը բերում է հակառակ արդյունքի:
Դ.Հարությունյանը նկատեց, որ պատգամավորները պետք է ողջունեն, որ կառավաությունն անցած տարի մեքենաներ ձեռք չի բերել. «Բոլորս գիտակցել ենք խնդիրները, կառավարության անձնակազմը ոչ մի մեքենա ձեռք չի բերել: Օրինակ՝ գործուղումները կատարվել են 79%-ով, սա տնտեսման արդյունք է: Բայց արարողակարգային ծախսերը, մենք գտնում ենք, որ այո, պետք է կատարվեն»: