ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել են օդային աջակցություն ցուցաբերել Սիրիայի ապստամբներին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են օդից աջակցել Սիրիայի ապստամբներին: Խոսքը գնում է ընդդիմության այն ներկայացուցիչների մասին, որոնց Վաշինգտոնն ու Անկարան փետրվարին համաձայնվել են ռազմական ուսուցում տրամադրել «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նրա խոսքերով՝ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) կիրառելը կախված կլինի ապստամբներից. «Դրանք տեխնիկական դետալներ են: Ձեռք է բերվել օդային աջակցության մասին սկզբունքային պայմանավորվածություն»:
Ենթադրվում է, որ ԱՄՆ-ի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում երեք տարում ռազմական ուսուցում կստանա սիրիական զինված ընդդիմության 15.000 ներկայացուցիչ: Ռազմական ուսուցումն իրականացվելու է Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում ու Կատարում: Նախագծի արժեքը կազմում է 500 միլիոն դոլար: