Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական էին. Թևան Պողոսյան
«Ռիգայում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը նշանավորվեց ԵՄ-ի նոր մոտեցմամբ, որը կարելի է անվանել ճկունության քաղաքականություն»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը` գնահատելով գագաթնաժողովի արդյունքները:
Պողոսյանն ասաց, որ ԵՄ երկրներն այսուհետ կվարեն յուրաքանչյուր գործընկերոջ հետ անհատական, առանձնահատուկ քաղաքականություն: «Հետևաբար` ԱլԳ այն երկրները, որոնք կձգտեն էլ ավելի խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, կստանան այդ հարցում ԵՄ օժանդակությունը, այն երկրները, որոնք կունենան սահմանափակումներ և որևէ հատուկ նախասիրության քաղաքականություն չեն ցուցաբերի, ԵՄ-ից կստանան ինչ-որ սահմանափակ հնարավորությունների, ծրագրերի տրամադրում: Այսինքն` ԵՄ-ն կվարի քաղաքականություն` համաձայն ԱլԳ յուրաքանչյուր երկրի հավականություններին»,- նշեց նա:
Նրա որակմամբ, Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական էին, քանի որ անհատական մոտեցում Հայաստանին ևս ցուցաբերվելու է, ստացվեց մանդատ, որպեսզի բանակցությունները մեկնարկեն: «Հուսանք, որ մոտ ապագայում կսկսվեն բանակցությունները և երկուստեք կա քաղաքական կամք այն չձգձգելու շուրջ: Հուսանք, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել հարաբերությունների բանակցված համաձայնագրին, նոր իրավական հիմքին և ինչու ոչ նաև ստորագրել»,- նշեց պատգամավորը:
Թևան Պողոսյանն ուրախությամբ խոսեց մեկ այլ հանգամանքի մասին ևս: «Ակնկալիքներ կային, որ ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը բաղկացածէ լինելու հարաբերությունների քաղաքական բաղադրիչից, բայց հայտնի է դառնում, որ տնտեսական ևս լինելու է: Հուսով եմ, որ այս տարին կավարտենք նոր պայմանագրով: Իսկ մնացած ուղղությունների շրջանակում, ինձ թվում է, որ սեպտեմբերի 3-ն իր բաժին դասերն է տվել և Հայաստանին, և Եվրոպական միությանը: Եթե յուրաքանչյուր կողմ իր համապատասխան դասը քաղել է, ապա ՀՀ-ն ու ԵՄ-ն համագործակցություն կվարեն այն ոլորտներում, որտեղ մաքսիմալի կհասցվի «և-և»-ի մոտեցումը և Եվրասիական, այսպես կոչված, տնտեսական միությունը որևէ խոչընդոտ չի առաջացնի ՀՀ եվրոպական օրակարգում»,- հույս հայտնեց Թևան Պողոսյանը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: