ԱՄՆ-ը խորապես հիասթափված է ՌԴ-ում անցանկալի օտար և միջազգային կազմակերպությունների մասին օրենքի ընդունումից. Պետդեպարտամենտ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը խորապես հիասթափված է Ռուսաստանում անցանկալի օտար և միջազգային կազմակերպությունների օրենքի ընդունումից և Մոսկվայից պահանջում է պահպանել խոսքի ազատությունը: Այս մասին նշված է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆի տարածած հայտարարությունում.
«Մենք խորապես մտահոգված ենք ռուսական նոր օրենքից, որը կառավարությանը թույլատրում է Ռուսաստանում արգելել անցանկալի օտար ու միջազգային կազմակերպությունների գործունեությունը և քրեական պատասխանատվություն է նախատեսում վերոնշյալ խմբերի հետ համագործակցության համար:
Այդ նոր միջոցը կհանգեցնի Ռուսաստանում քաղաքացիական հասարակության էլ ավելի մեծ սահմանափակմանը և կդառնա աճող ճնշման և մնացյալ աշխարհի ռուսաստանցիների կտրվելու ևս մեկ օրինակ:
Ռուսաստանցիներն արժանի են այնպիսի կառավարության, որը հավասարություն կպահպանի օրենքի առջև և քաղաքացիներին հնարավորություն կտա իրագործել իր իրավունքները:
Մենք Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում հավատարիմ գտնվել միջազգային պարտավորություններին ու հարգել ազատ արտահայտվելն ու ազատ հանրահավաքներ անցկացնելը, ինչպես նաև օրենքի գերակայությունը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 23-ին օրենք է ստորագրել, որն արտոնում է միջազգային կամ օտար հասարակական կազակերպությունների գործունեությունն անցանկալի ճանաչելը, որոնք սպառնալիք են Ռուսաստանի սահմանադրական կարգի, նրա անվտանգության կամ պաշտպանունակության համար: