«Հայաստանի կայունությունը խաբուսիկ կայունություն է»
Մեր զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
– Պարոն Մեսրոբյան, 1 տարի առաջ ձևավորվեց ՀՀ նոր կառավարությունը: Ինչպե՞ս եք գնահատում անցած տարին:
– Վատ, որովհետև, փաստորեն, լավագույն դեպքում՝ Հայաստանը գրեթե բոլոր ասպարեզներում դոփում է տեղում, մի շարք ուղղություններով էլ նահանջ է ապրել, և դա վերաբերում է թե´ տնտեսությանը, թե´ ընդհանրապես պետական կառավարմանը: Մի խոսքով՝ վատ:
– Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք որևէ դրական արդյունք արձանագրել:
– Մի դրական արդյունք կարելի է, այն էլ՝ պայմանական, որ որոշակի անկայուն միջավայրում որոշակի կայունություն ՀՀ-ում, այնուամենայնիվ, պահպանվել է, բայց դա խաբուսիկ կայունություն է:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում կառավարությանը՝ դրական արդյունքների հասնել:
– Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան խանգարում է: Ուղղակի մեզ մոտ 1991-ից սխալ պետական կառավարում է իրականացվում: Ընդհանրապես համակարգը սխալ է արված, կադրերի ընտրությունը սխալ է արվում, պետության զարգացման ռազմավարական տեսլական՝ որպես այդպիսին, չկա, և ամենավառ ու ցայտուն հանգամանքը, որը բերում է բացասական գնահատականի, դա արտագաղթն է:
– Խոսակցություններ են շրջանառվում Հովիկ Աբրահամյանի և կառավարության որոշ անդամների հնարավոր փոփոխությունների մասին: Ըստ Ձեզ՝ դա ինչ-որ արդյունք կտա՞, կամ պե՞տք է արդյոք:
– Եթե Հայաստան բերեն անգամ աշխարհի լավագույն կառավարությունը, արդյունք չի լինի: Ամբողջ կառավարման համակարգն ինքնին հակակառավարման է: Մեզ մոտ, օրինակ, ռազմավարական թիրախներ՝ որպես այնպիսին, որոնք նաև հասկանալի կլինեին, ուղղակի գոյություն չունեն: Ընդհանրապես պետությունը գործում է «յոլա» ռեժիմով: Եվ լավագույն դեպքում՝ արձագանքում է դանակը ոսկորին հասած երևույթներին: Եվ դա նշանակում է, որ կառավարում գոյություն չունի: Դրա համար ինձ երբեք անուններ չեն հետաքրքրել, և, երբ հարց են տալիս՝ սա գա, նա գնա՝ ի՞նչ է լինելու, պատասխանում եմ՝ բացարձակապես ոչ մի բան, դա կարող եմ 100%-ով երաշխավորել:
– Կառավարության նախորդ նիստում վարչապետը բավական կոշտ դիտողություններ արեց որոշ գերատեսչությունների ղեկավարներին: Ի՞նչ եք կարծում՝ կառավարությունում ներքին խմորումներ կա՞ն:
– Դա նույնն է, որ արդեն 3-րդ կամ 4-րդ փուլի քաղցկեղով հիվանդ մարդուն ասեն՝ քո ձախ ձեռքի ցուցամատը ցավում է, և սկսեն այդ ցուցամատի ցավի մասին խոսել, երբ ամբողջ օրգանիզմը գնում է դեպի մահ: Մենք ոչ միայն երկրորդային, մենք տասներորդային հարցեր ենք հիմա քննարկում:
– Իշխանության ներկայացուցիչները գիտակցո՞ւմ են ստեղծված իրավիճակը, թե՞ ոչ: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նրանք ոչ մի անգամ չեն համաձայնում, որ վիճակը վատ է, ասում են՝ ամեն ինչ լավ կլինի:
– Նախ՝ կառավարիչները, կապ չունի՝ նրանք ինչի կառավարիչներ են՝ կորպորացիայի՞, պետությա՞ն, թե՞ այլ ոլորտի, իրավունք չունեն ապագայով գուշակություններ անել՝ լա՞վ կլինի, թե՞ վատ կլինի: Դա ոչ մի կապ չունի կառավարման հետ: Կառավարման մեջ գնահատվում է բացառապես արդյունքը, և միայն այն դեպքում, երբ կա արդյունք՝ գնահատվում է՝ ինչ գնով: Եթե արդյունք չկա, մնացած խոսակցությունները կառավարման հետ ոչ մի կապ չունեն: Դա կարելի է խոհանոցում նստել, խոսել կամ կանաչի ծախողների հետ քննարկել ինչ-որ հարցեր, բայց դա կառավարման հետ կապ չունի: Արդյունք Հայաստանը չի ցուցաբերում: Բացի դրանից, որ արտագաղթն է մեզ մոտ շարունակում մնալ բավականին վտանգավոր վիճակում, մենք, ընդհանուր առմամբ, ոչ մրցունակ պետություն ենք գրեթե բոլոր ասպարեզներում: Իսկ սա վատագույն գնահատականն է ցանկացած կառավարչի համար: