«Կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին:

Շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման փոխընդունելի տարբերակներ: «Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության», – նշել է վարչապետը:

Ginegorcner8

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը` ոլորտին ցուցաբերվող աջակցության համար և ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Տնտեսվարողները, մասնավորապես, բարձրացրել են հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողի մթերմանը, տեղական և արտասահմանյան նոր տեսակների աճեցմանը, արտերկրում ցուցահանդեսների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ:

Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ հետևողական է լինելու տնտեսվարողների բարձրացրած յուրաքանչյուր օբյեկտիվ խնդրի լուծմանը և արհեստական խոչընդոտների վերացմանը: Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը հորդորել է տնտեսվարողներին քննարկված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն և ակտիվ համագործակցել շահագրգիռ նախարարությունների հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս