ԻՊ-ի զինյալները Սիրիայում կիրառել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա գերմանական հաուբիցներ
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Սիրիայում կառավարական զորքերի դիրքերը հրետակոծել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա գերմանական հաուբիցներից:
Այդ մասին է վկայել համացանցում հայտնված տեսանյութը: Տեսանյութում պատկերված է leFH18 դաշտային հաուբիցը, որը հանդիսացել է Վերմախտի ամենատարածված հրետանային զենքերից մեկը:
Ռազմական փորձագետ Նիկ Յենցեն Ջոնսն ընդգծել է, որ սիրիական կառավարական բանակի տրամադրության տակ եղե են մի շարք հաուբիցներ, և որ ապստամբները դրանք հավանաբար խլել են Բաշար Ասադի զինվորականներից կամ էլ հափշտակել են թանգարանից:
Փորձագետի խոսքերով` զարմանալի որևէ բան չկա նրանում, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ կիրառվել է նման զենք, քանի որ կողմերը սահմանափակ հնարավորություն ունեն ժամանակակից զենքերից օգտվելու համար:
Նա հավելել է, որ ցայժմ Սիրիայում քանիցս կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա բրիտանական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական ու ռուսական զենքեր: