Ոստիկանները խուզարկությամբ մի ամբողջ զինանոց են հայտնաբերել
Ոստիկանությունը բազմիցս հորդորել է մեր քաղաքացիներին` հանձնել ապօրինի զենք-զինամթերքը` հիշեցնելով, որ ինքնակամ հանձնելու դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Հիշեցումն այսօր էլ ուժի մեջ է: Շատերը լրջորեն են վերաբերվում այս հորդորին: Բայց կան և համառներ, որոնք դժվարությամբ են ազատվում տանը կամ նկուղում թաքցրած զենքից:
Մայիսի 21-ին «Նելեգալ-2015» օպերատիվ-կանխարգելիչ և «Կանալ-Պարեկ» լոկալ հակաթմրանյութային միջոցառումների շրջանակում ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները նման մի դեպք գրանցեցին:
Ոստիկանները խուզարկել էին ոչ միայն տունն այլև, տանը կից օժանդակ և տնտեսական կառույցները: Բետոնե հորը, որտեղից իրավապահները դուրս են բերում զենք-զինամթերքը, տան հետնամասում է: Եթե ոչ մեկ վաշտի, ապա մեկ դասակի, ինչ խոսք, կբավականացնի: Տպավորիչ է ոչ միայն զենքերի քանակն այլև տեսականին:
Համապատասխան արձանագրություն կազմելուց և զենք-զինամթերքն առգրավելուց հետո ոստիկանները տանտիրոջ հետ բաժին են ուղևորվում:
Խուզարկությամբ հայտնաբերվեց` «ԱԿ» տեսակի 5,45 մմ տրամաչափի 5 ինքնաձիգ, ձեռքի գնդացիր, դիպուկահար հրացան, 7,62 մմ տրամաչափի ծալովի խզակոթով ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի ատրճանակ, ձեռքի գնդացրի փող, 7,62 մմ տրամաչափի կարաբինի 294 փամփուշտ` իր շղթայով, 29 փամփշտատուփ և 1614 տարբեր տրամաչափի փամփուշտ:
Կատարվում է քննություն: