«Սուրիկ Խաչատրյանն ուզում է հերթական Քենեդին դառնալ». Գագիկ Համբարյան
«Սա Սուրիկ Խաչատրյանի կողմից պատվիրված հերթական բեմականացման պրոցեսն է, և ես չեմ հավատում, որ նրա դեմ որևիցե մեկը մահափորձ կանի, առավել ևս՝ ֆանտաստիկայի ժանրից է, երբ 10 փամփուշտ կպնում է մեքենային, և ոչ ոք չի տուժում, նույնիսկ թեթև մարմնական վնասվածք չեն ստացել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ինչպես հայտնի է, երեկ անհայտ անձինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա 10-ից ավելի կրակոց են արձակել, սակայն ո՛չ Սյունիքի մարզպետը ո՛չ էլ ավտոմեքենայում գտնվող անձանցից որևէ մեկը չի տուժել:
Գ. Համբարյանի խոսքով՝ լինելով «հանցագործ»՝ Ս. Խաչատրյանն ամեն ինչ անում է, որպեսզի հանրությանը ներկայանա որպես տուժող՝ այն դեպքում, երբ իր ընտանիքի անդամներից մեկը՝ իր տղան, խառված է «խոշոր խուլիգանության արարքի մեջ». «Այնպես որ, սա շատ պրիմիտիվ, շատ անտաղանդ բեմադրություն էր, և պետք է նշեմ, որ սա հասարակության կողմից ուղղակի ծիծաղով ընդունվեց, և ոչ ոք էլ չհավատաց այս ամենին»:
Հարցին՝ անուամենայնիվ, հաշվի առնելով, որ Սուրիկ Խաչատրյանը շատերի հետ է խնդիրներ ունեցել, հավանական չե՞ք համարում, որ սա կարող էր զգուշացում լինել, քաղաքագետը պատասխանեց, որ ինքը գտնում է՝ այդ «կրակողներն ու զգուշացողները» հիմա չէին անի այդ բանը, որ Սուրիկ Խաչատրյանը հիմա հասարակությանը և իշխանություններին ներկայանար որպես տուժող կողմ և մարդ, որը հալածվում է «թշնամիների» կողմից:
«Ինձ թվում է՝ ինքը ում էլ վատություն է արել և անելու է ապագայում, բոլորը դա շատ լավ հասկանում են, և երբևիցե իր ձեռքն այդպիսի շատ հզոր խաղաքարտ չէին տա, որպեսզի ինքը հիմա սրանից օգտվեր և տուժվածի և հալածվածի կարգավիճակով հանդես գար հասարակության համար»,- ասաց Գ. Համբարյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ կա՛մ բեմադրման հաջորդ էպիզոդի համաձայն՝ մեկը կկանգնի ու կասի, որ ինքն է կրակել՝ ինչ-որ անձնական հաշիվներ ունենալով Սյունիքի մարզպետի կամ նրա որդու հետ, կա՛մ չի կանգնի և չի հանձնվի, և սա կդառնա «հերթական չբացահայտված «խոշոր» հանցագործություններից մեկը Հայաստանում. «Սուրիկ Խաչատրյանն ուզում է հերթական Քենեդին դառնալ Հայաստանի, շատ ծիծաղելի է»: