
Գևորգ Կոստանյանը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության և մարտի 1-ի գործի մասին. «Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել»

Այսօր ԱԺ նիստում ՀՀ դատախազության անցած տարվա աշխատանքները ներկայացնելիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության և Մարտի 1-ի գործերի քննությանը:
«Աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, ինչպիսին չի եղել ո՛չ ՀՀ, ո՛չ ՌԴ իրավապահների պրակտիկայում»,- ասաց նա՝ նշելով, որ իրավապահներն առաջնորդվում են միջազգային իրավունքի նորմերով:
Կոստանյանը վստահեցրեց, որ ոչ միայն բոլորի զգացմունքները, այլև մոտեցումները և ակնկալիքները նույնն են:
Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գլխավոր դատախազը հայտնեց, որ հանձնարարել է Հատուկ քննչական ծառայութունում քննվող գործի յուրաքանչյուր մահվան դեպքով առանձնացնել գործը, ինչը միտված է քննության արդյունավետության բարձրացմանը:
«Վստահեցնում եմ, որ արդյունավետ քննություն է ընթանում և հնարավորություն կլինի քննարկել դրա արդյունավեությունը»,- ասաց Գ.Կոստանյանը:
Դատախազը մտահոգություն հայտնեց նաև, որ վերջերս ՄԻԵԴ վճիռներով հաճախակի են դարձել ՀՀ-ի դեմ կայացված վճիռները. «Մեր երկրում մեր իրավապահ համակարգում այս ոլորտում ունենք լրջագույն խնդիրներ»: Նա նշեց, որ մեղադրյալի հանդեպ ճնշումներով և խոշտանգումներով ձեռք բերված ապացույցները տեղ չպետք է ունենան վարույթում. «Խոշտանգման որևէ դրսևորում, կամ ապացույցների ուռճացումը չարիք է մեր երկրի համար»: