Կոստանյանի հորդորը պատգամավորներին. քրեական գործերից հարցեր չտալ

Այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նախքան անցած տարվա աշխատանքները ներկայացնելը, պատգամավորներին խնդրեց քրեական գործերից հարցեր չտալ: Սակայն նրա ելույթի մի մասն ակնհայտորեն ուղղված էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «պաշտպանությանը»:

«Հանցագործության կատարման առաջին իսկ պահից հասարակությունն անմիջապես ուղղորդվում է` որոշելու, թե ով է հանցագործը, ինչ հանգամանքներում ու պայմաններում է կատարել հանցագործությունը, վերլուծվում են վերջինիս և տուժողի կամ գործի մյուս մասնակիցների անձնական, ընտանեկան կյանքը և այլն՝ համապատասխան քննադատություններով ու պիտակավորումներով:

Գործի քննության ցանկացած փուլում կարող է պարզվել, որ այն, ինչ հասարակությունում տվյալ անձի վերաբերյալ քննարկվոմ էր մեկ երկու կամ ավելի տարիներ, չի համապատասխանում իրականությանը, և անձն արդար է:

Բայց արդեն հասցրել ենք սևացնել մարդու անունը, կենսագրությունը, նվաստացնել անձի, նրա ընտանիքի անդամների, ազգականների պատիվն ու արժանապատվությունը: Հետևաբար, պետք է հարգանքով մոտենանք ցանկացած անձի կենսագրությանն ու արժանապատվությանը և զգույշ լինենք մեր՝ հրապարակայնորեն արված գնահատականների և եզրահանգումների մեջ»,- ասաց Գ.Կոստանյանը:

Գլխավոր դատախազը բոլորին կոչ արեց որևէ կարծիք արտահայտելուց առաջ նկատի ունենալ, որ ցանկացած արտահայտություն կամ կարծիք կարող է բացասական ազդեցություն ունենալ գործի վրա: Նրա համոզվածությամբ՝ նման խնդիրների ոչ մասնագիտական հենքի վրա կառուցված ցանկացած քննարկում անխուսափելիոն տանում է դեպի քաղաքական շահարկումների կամ տարատեսակ փորձագետների ինքնագովազդի դաշտ, ինչն իր հերթին հասարակության մոտ առաջացնում է թյուր կարծիք, որ այս կամ այն խնդիրն ունի շատ պարզ, արագ և արդյունավետ լուծում, սակայն այս կամ այն պաշտոնյան կամ պետությունն ընդհանրապես ուղղակի ցանկություն չունի տվյալ խնդիրը լուծելու:

Տեսանյութեր

Լրահոս