Բաժիններ՝

Կայացավ «Սպանել 15 րոպեում» մարտաֆիլմի պրեմիերան

Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ Նիկոլայ Եղիազարյանի, Շուշան Երիցյանի, Էդուարդ Փոռեյանի մասնակցությամբ «Սպանել 15 րոպեում» մարտաֆիլմի պրեմիերան։ Պարզվեց՝ այս ֆիլմում խաղում է նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։ Նրա կերպարը հայտնվեց վերջում։

Այս կինոնկարի թրեյլերի՝ համացանցում հայտվելուց հետո բացասական մեծ արձագանք եղավ. գրիչով արված տատուներից մինչև մարտական անհավանական տեսարանները բուռն քննադատվեցին։ Թեև ֆիլմի առաջին հանդիսատեսը հրավիրված հյուրեր էին՝ ստեղծագործական կազմի ընկերներն ու բարեկամները, արձագանքն այնպիսին էր, կարծես եկել էին կատակերգություն դիտելու։ Հատկապես մարտական տեսարանները, որոնք իրենց անհավանականությամբ գերազանցում էին ֆանտաստիկ ցանկացած ֆիլմի, ուղեկցվում էին բարձր ծիծաղով։

film152

Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ Էդուարդ Փոռեյանը BlogNews.am-ին ասաց, որ ֆիլմը միանշանակ լավ էր ստացվել։ «Ֆիլմում կային կոմեդիկ պահեր, և մենք ցանկացել էինք, որ այդպես լինի»,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ մարտական տեսարաններում էր ծիծաղ հնչում, Էդուարդն արաձագանքեց. «Դա էլ ենք ուզել, որ էդպես լինի։ Ինչ ես ցանկացել եմ, որ այդպես լինի, այդ ամենն իմ էմոցիաներով զգացել եմ ու, փառք Աստծո, գոհ եմ»։ Ըստ նրա՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից իրեն դուր է եկել այս ֆիլմը։ Հարցին՝ այսինքն սա ամենալա՞վն էր, որ կարող էին անել, Էդուարդը պատասխանեց. «Ներկա պահին՝ այո»։

Ֆիլմի բացասական հերոսին մարմնավորող Նիկոլայ Եղիազարյանն ասաց, որ դժվարանում է կարծիք հայտնել մի բանի մասին, որն իրենք են ստեղծել։ «Ամեն դեպքում փորձել ենք լավ անել։ Նորմալ ֆիլմ էր»,- ասաց նա և, անդրադառնալով դահլիճում առկա ծիծաղին, ասաց, որ ֆիլմում կար նաև հումոր։ «Յուրաքանչյուր մարդ մի հոգեբանությամբ ու տրամադրվածությամբ է նայում։ Չեմ կարող ասել՝ ում մոտ ինչ իրավիճակում է ծիծաղ առաջանում։ Միանշանակ կարող էր ու պետք է ավելի լավ լիներ։ Ֆիլմն ինձ դուր եկավ այնքանով, որ հանդիսատեսը վերջում ողջունեց ու ծափահարեց»,- նշեց Նիկոլայը։

film 15.jpg1

Մոդել Շուշան Երիցյանն այստեղ մարմնավորում է հիմարիկ աղջկա, ով գլխավոր հերոսուհին է։ «Էնպես չի, որ իմ ֆիլմն է, դրա համար եմ ասում, բայց իրականում շատ իմաստալից ու տարբերվող ֆիլմ է»,- ասաց Շուշանը։ Ինչ վերաբերում է դահլիճում առկա ծիծաղին, Շուշանն ասաց. «Մարտական տեսարաններում էլ կարելի է համադրել դա։ Սա կոմեդիկ ֆիլմ չէր, ուղղակի նույնիսկ նման ժանրի ֆիլմում կարող են լինել դրական ու պոզիտիվ կադրեր, որոնք ավելի թեթև են դարձնում այն»։

Ֆիլմի վերջում ներկայացավ նոր կերպար, որին մարմնավորում էր Սարգիս Գրիգորյանը։ Այն ազդարարեց, որ ֆիլմը շարունակություն է ունենալու, և սա առաջին մասի ավարտն է։ Հարցին՝ ֆիլմը շարունակակա՞ն է լինելու, պրոդյուսեր Էդուարդ Փոռեյանն արձագանքեց, որ նման ցանկություն կա, Սարգսի հետ էլ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել։

film 15.jpg6

Նյութը և լուսանկարները՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս