Հայաստանի եվրասիական կոնտեքստը հնարավոր չէ վերացնել ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով ԵՄ-ի հետ. Զախար Պրիլեպին
«Հայաստանին ու Ռուսաստանին ամուր պատմական կապերն են միավորում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գրիբոյեդով» ակումբի հրավերով Երևան ժամանած ռուսաստանցի գրող, մի շարք մրցանակների դափնեկիր, «Ազատ մամուլ» կայքի գլխավոր խմբագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար, իր քաղաքական հրապարակումներով ՌԴ-ում հայտնի Զախար Պրիլեպինը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը համատեղելի ցանկության հետ՝ ստորագրել քաղաքական բնույթի համաձայնագիր Եվրոպական միության հետ: Նա նշեց, որ այդ երկու ուղղությունները համատեղելի են, կարևորը, որպեսզի համագործակցող երկրները չխախտեն միմյանց շահերն ու հետաքրքրությունները:
Ըստ նրա` Ռուսաստանը ևս կստորագրի ինչ-ինչ փաստաթղթեր Եվրոպական միության հետ, և այն երկրները, որոնք միացել են Մաքսային միությանը, ունեն բոլոր հիմքերը և՛ Աֆրիկայի, և՛ Չինաստանի, և՛ Անտարկտիդայի, և՛ Մարսի բնակչությունների հետ որոշակի համաձայնագրեր ստորագրել, միություններ կազմել: «Կարևորը մեկը մյուսին հարգելն է, կարևորն իրար մեջքի ետևում ստորություններ չանելն է: Ամեն ինչ հիանալի կլինի: Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ավելի շատ պատմական հարաբերություններ: Հասկանո՞ւմ եք` պատմականորեն պայմանավորված հարաբերություններն ավելի ծանր կշիռ ունեն, քան մենք կարող ենք նույնիսկ պատկերացնել:
Պատմական շփումները, կոնտեքստները, մշակութային կոնտեքստը նախնիների հիշողությունն է, մշակութային ընդհանուր լանդշաֆտը, դա հնարավոր չէ մոռացնել ձեռքի մեկ շարժումով: ԽՍՀՄ փլուզումից քառորդ դար անց մենք հասկանում ենք, որ այդ կոնտեքստը` Եվրասիական կոնտեքստը, գոյություն ունի, այն հնարավոր չէ վերացնել ինչ-որ փաստաթուղթ ստորագրելով կամ հանկարծակի հայտարարելով, որ մենք Եվրոպայի հնագույն մասն ենք, կամ պատմական մասն ենք Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի: Մենք շատ ընդհանուր բան ենք ունեցել, մենք շատ բարին ենք արել միմյանց համար, ձեռք ենք սեղմել, գրկախառնվել, համբուրվել: Այդ ամենը պատահական չէ»,- ասաց Պրիլեպինը: