ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկում են Ասադի հեռանալու հարցը. The Times
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը սկսել են քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գահընկեցության հարցը, ինչը տեղի է ունենում այն ցուցիչների ֆոնին, որ Սիրիայում առկա քաղաքացիական պատերազմը վճռականորեն շրջվել է նրա դեմ:
Հետախուզության տվյալների համաձայն՝ մարտադաշտում ընդդիմադիր խմբերի վերջին հաջողությունները շատ խոցելի են դարձրել Ասադին: Երբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախորդ շաբաթ հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Մոսկվան պատրաստ չէր հրաժարվել Ասադին իր վաղեմի աջակցությունից:
Սակայն ռազմական գործողությունները հասել են բեկումնային պահի, ինչից հետո կողմերը որոշել են քննարկել Ասադի հեռանալու հարցը: ԱՄՆ-ում առկա աղբյուրները հասկացրել են, որ Ասադը կարող է ապաստան ստանալ Թեհրանում կամ Մոսկվայում:
Ամերիկացի հետախույզներից մեկը հայտնել է, որ Սիրիայում իրավիճակը մոտենում է Ասադի համար շրջադարձային կետի: Եթե Ասադի դիրքերը զգալիորեն վատթարանան, ապա Մոսկվան ու Թեհրանը հարկադրված կլինեն որոշում կայացնել աջակցությունը շարունակել-չշարունակելու հարցում:
Դեռ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը չեն ազդարարում Ասադին աջակցելը նվազեցնելու իրենց մտադրությունների մասին, սակայն ԱՄՆ Պետդեպարտամենտը հուսով է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կարող են տեղի ունենալ փոփոխություններ:
Հետախույզի խոսքերով՝ Ասադի վարչակարգի դաշնակիցներն ավելի վաղ ընդլայնել են նրան աջակցելը՝ խուսափելու համար ապագայում Ասադի կառավարության տապալումից: