
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կպահանջի երկար ժամանակ. Կուբայի ԱԳՆ

El Nuevo Herald պորտալի փոխանցմամբ՝ Կուբայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը կզբաղեցնի շատ երկար ժամանակ: Այս մասին հայտարարել է Կուբայի փոխարտգործնախարար Մարսելինո Մեդինան:
ԱՄՆ-ի ու Կուբայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը Վաշինգտոնում կանցկացվի մայիսի 21-ին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև առևտրային սահմանափակումները թուլացնելու մտադրության մասին հայտարարել է 2014 թվականի դեկտեմբերին:
Մեդինան հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, միայն այն փուլի սկիզբն է, որը կարող է հանգեցնել ավելի խորը թեմաների քննարկմանը, ինչպիսիք են Կուբայի շրջափակման վերացումը, ապօրինի օկուպացված Գուանտանամոյի ռազմածովային բազայի վերադարձը: Մեդինան ընդգծել է, որ մայիսի 21-ի բանակցությունների ժամանակ պլանավորված չէ քննարկել Գուանտանամոյի բազայի ճակատագիրը: