
Լրտեսական սկանդալը գնալով ավելի շատ է ճնշում Մերկելին. FT

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ լրտեսական սկանդալը գնալով ավելի ու ավելի է ճնշում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Եթե 2013 թվականին Մերկելն իրեն ներկայացրեց որպես տուժած կողմ՝ կապված ամերիկացի ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի բացահայտումների պատմության հետ, ապա ներկայումս նա գտնվում է ճնշման տակ, քանի որ պետք է բացատրի, թե որքան շատ բան են իմացել իր պաշտոնյաներն այն մասին, որ Գերմանիան օգնել է ԱՄՆ-ին՝ լրտեսելու համար իր դաշնակիցներին:
Մերկելին մոտ կանգնած պատգամավորը թերթին հայտնել է, որ այդ գործը գնալով դառնում է ավելի ու ավելի վտանգավոր, քանի որ այն գնալով ավելի շատ է ազդում դաշնային կանցլերի գերատեսչության վրա:
Վստահեցվում է, որ Գերմանիայի կանցլերի գերատեսչության ու Դաշնային հետախուզական ծառայության (BND) միջև ծավալվել է «իսկական պայքար», և երկու կողմն էլ թույլ են տալիս տեղեկատվական արտահոսքեր:
Ավելի վաղ գերմանական մամուլը պարզել էր, որ տեղի հետախուզությունը տարիներ շարունակ ամերիկյան հատուկ ծառայություններին տեղեկություններ է տրամադրել եվրոպացի պաշտոնյաների ու խոշոր ընկերությունների գործունեության մասին:
Հաղորդվել էր նաև, որ Մերկելն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից Գերմանիայի քաղաքացիներին լրտեսելու ֆոնին գերմանական հատուկ ծառայություններին կոչ է արել շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ: