
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատրաստ է այցելել Փհենյան

Yonghap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ պատրաստ է այցելել ԿԺԴՀ՝ նվազեցնելու համար Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի միջև առկա լարվածությունը:
Բան Կի Մունն այդ մասին հայտարարել է Սեուլում տեղի ունեցած Ասիական երկրներ առաջնորդների վեցերորդ կոնֆերանսի ժամանակ. «Ես պատրաստ եմ մեկնել Փհենյան, եթե իմ այցը կլինի օգտակար: Այցը տեղի կունենա շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում նաև Հարավային Կորեայի հետ սերտ փոխգործակցությամբ»:
Մունը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին 15-ամյա դադարից հետո ԿԺԴՀ-ը մասնակցել է Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին: Փհենյանն այն ժամանակ ներկայացված է եղել արտգործնախարար Լի Սու Ենի մակարդակով:
Բան Կի Մունը հույս է հայտնել, որ այս տարի նրան նույնպես կհաջողվի հանդիպել ԿԺԴՀ-ի արտգործնախարարի հետ, քանի որ ԿԺԴՀ-ը ՄԱԿ-ի անդամ է: Բան Կի Մունը կողմ է արտահայտվել քաղաքական ու հումանիտար հարցերը միմյանցից տարանջատելուն: