Առաջարկվում է բարձրացնել երաշխավորված ավանդի հատուցման չափերը
Այսօր Աժ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իր և գործընկերների՝ Նաիրա Զոհրաբյանի ու Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է բարձրացնել երաշխավորված ավանդի հատուցման չափերը, բարձրացնել գործող սահմանաչափերը՝ դարձնելով 5 և 10 մլն դրամ, համապատասխանաբար՝ արտարժութային և դրամային ավադների համար:
Ըստ Մելքումյանի՝ այս օրինագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը՝ մի կողմից նվազեցնելով ավանդների դուրսբերումը, մյուս կողմից՝ բանկային համակարգ ներգրավելով նոր ակտիվներ: Մելքումյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն ներգրավվող դրամական միջոցների ավելացմանը, ինչի արդյունքում բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ կնպաստի բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: