«Պարզվում է՝ այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունենալ». Քանդակագործը՝ բուհերը Գյումրի տեղափոխելու մասին

«Ի՞նչ է նշանակում՝ բեռնաթափել, արդեն բեռնաթափված է Երևանը, սովետական ուսանողների քանակն ինչքա՞ն էր և հիմա ինչքա՞ն է, այդ ինչպե՞ս է, որ հիմա բեռնաթափման մասին եք խոսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծի մասին՝ ասաց քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ օրերս Քաղաքաշինության նախարարության կոլեգիայի նիստում Ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր, վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հանդես է եկել նախագծով, որ առաջիկա տարիներին Երևանի բուհերից մի քանիսը տեղափոխվեն Գյումրի՝ հիմնավորելով, որ պետք է Երևանի ծանրաբեռնվածությունը թուլացնել, Գյումրիի զարգացմանը խթանել և այդ բուհերի շենքերի տարածքները վերածել հյուրանոցների:

Ֆ. Առաքելյանն ասաց, որ քաղաքաշինության նախարարն իր լավ բարեկամն է, և հնարավոր չէր, որ նա միանգամից նման բան որոշեր. «Քաղաքաշինությունը քաղաքակրթություն է, որի մեջ նստած է միջավայրը, ամեն ինչ՝ արդյունաբերություն, էկոնոմիկա, սոցիոլոգիա, առողջապահություն, մշակույթ, այդ բոլորն իրար հետ պետք է անեն: Դուք գիտե՞ք՝ ինչ վիճակում է հայ ժողովրդի ամենաբարձր թեթև արդյունաբերության գործարանը Գյումրիում, որը կոչվում է Տեքստիլ՝ հարթ մի հարթավայր է, շենքերն էլ են կերել, կրծել են, թափել են ու մի հատ ռեստորան են սարքել: Պարզվում է՝ այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան և զուգարան կարող է ունենալ, ուրիշ ոչ մի բան»:

Քանդակագործը չի հավատում, որ որևէ դասախոս իր ընտանիքը կթողնի-կգնա Գյումրի: Դիտարկմանը, թե նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասել է, որ ինքը կգնա իր ընտանիքով Գյումրիում աշխատելու, Ֆ. Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մուշեղյանն ընտանիք չունի: Մուշեղյանն իմ ընկերն է, 80 տարեկան է, բան չի մնացել ապրելու: Մուշեղյանն ի՞նչ ունի արդեն՝ թոռներ ունի, արդեն ծոռներ է ունենալու»:

Դիտարկմանն էլ՝ Գ. Մուշեղյանն ասում էր, որ եթե պետք է գնալ սահման՝ հայրենիքը պաշտպանելու, գնում են, սա էլ մի սահման է, որ պետք է գնալ և զարգացնել, քանդակագործն այսպես արձագանքեց. «Ես ամեն օր հայելու մեջ նայում եմ, այդպես ապուշի տպավորություն ինձ վրա չեմ թողել, բավականին խելոք մարդ եմ, թող ինքը սահմանն ու դա իրարից տարբերի: Դրանք շատ տարբեր բաներ են»:

Քանդակագործի խոսքով՝ Գյումրիի քաղաքապետը, մարզպետը շատ ուրախացել են, որովհետև այդ բարդությունը չգիտեն. «Հետո՞ ինչ, որ այդ աթոռին են նստել, ես այս աթոռին եմ նստել, դրա բարդությունն ավելի լավ գիտեմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս