ԲՈՒՀ-երը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծի հեղինակը հիմնավորումներ է ներկայացնում
Օրերս քաղաքաշինության նախարարության կոլեգիայի նիստում ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր, վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը հանդես է եկել նախագծով, որ առաջիկա տարիներին Երևանի ԲՈՒՀ-երից մի քանիսը տեղափոխվեն Գյումրի՝ հիմնավորելով, որ պետք է Երևանի ծանրաբեռնվածությունը թուլացնել, Գյումրու զարգացմանը խթանել և այդ ԲՈՒՀ-երի շենքերի տարածքները վերածել հյուրանոցների:
«Այս հարցը քննարկվել է Քաղաքաշինության կոլեգիայի նիստում: Շիրակի մարզպետն ու Գյումրիի քաղաքապետը ողջունում են այն: Շուտով ստեղծվելու է հանձնաժողով, ուսումնասիրվելու են բոլոր խնդիրները և նոր որոշում է կայացվելու: Դեռևս 70-ական թվականներին կար նման մտահղացում: Սա միտում ունի քաղաքը բեռնաթափելու»,- ասաց նախագծի հեղինակը: Նա նկատեց, որ այսօր Երևանում կա 60 ուսումնական հաստատություն, շուրջ 100 հազար ուսանող, 10 հազար դասախոս, ուսումնական հաստատությունները զբաղեցնում են 555 հազար քառակուսի մետր տարածք:
Ըստ նրա՝ սա պատճառ է դառնում, որ տարածքները գերբեռնվեն: Նրա խոսքով՝ հասարակական տրանսպորտի 30%-ը զբաղեցնում են ուսանողները, ինչը լուրջ խնդիր է: Գ. Մուշեղյանը նաև ընդգծեց, որ բուհական համակարգը Գյումրիում կզարգանա, եթե այս նախագիծը կյանքի կոչվի: Նրա խոսքով՝ այս հարցով ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր մարզեր ունեն տարբեր հետաքրքրություններ և տարբեր պայմաններ, որպեսզի այնտեղ զարգանա բուհական համակարգը. «Հայաստանում առաջին խնդիրներից մեկը տարաբնակեցման խնդիրն է, Երևանը գերծանրաբեռնված է, իսկ մնացած մարզերը՝ թերծանրաբեռնված են, բնակչությունը պակասում է, մարդ չի մնում: Հաջորդ խնդիրը՝ եթե մենք բեռնաթափում ենք ԲՈՒՀ-ական համակարգի շենքները, դրանք կարող են վերածվել այլ բնույթի շենքերի, և այդ նույն գումարներով վերակառուցվում է նոր ԲՈՒՀ-ական համակարգ: Հաջորդն այն է, որ բոլոր այդ շենքները կառուցվել են կա՛մ նախապատերազմայն շրջանում, կա՛մ պատերազմից հետո, այսինքն՝ սովետական տարիներին, երբ Երևանի բալային հաշվարկը՝ 7 բալ էր: Այսինքն՝ մի փոքր երկրաշարժի պարագայում այդ շենքերի 90 %-ը ուսանողների հետ միասին կհավասարվի հողին»:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Արթուր Մարտիրոսյանի կարծիքով՝ այս ծրագիրը չի կարող աշխատող լինել. «Ես համոզված եմ, որ եթե անգամ Երևանի մեկ այլ տարածք, ասենք` Երրորդ մաս տեղափոխվի Մանկավարժական համալսարանը, ուսանողների մեծ մասը դրան էլ կընդդիմանա, էլ ուր մնաց մի հատ էլ Գյումրի տեղափոխվի: Գյումրիի մանկավարժական համալասարանը պետք է զարգացնել, ոչ թե Երևանի համալսարանը տեղափոխել այնտեղ: Այսինքն` զարգացումը պետք է տեղային լինի: Չենք կարող այստեղից կտրել ու տանել ուրիշ տեղ: Նաև հարց է առաջանում, թե Գյումրին արդյոք պատրա՞ստ է այդքան մարդ տեղավորել իր ներսում»:
Գ. Մուշեղյանի խոսքով՝ Գյումրիի ազգաբնակչության մոտավորապես 1/3-րդն է մնացել, և շատ կարևոր է Գյումրիում «ներարակել» երիտասարդ ազգաբնակչություն և ստեղծել հնարավորություն, որպեսզի այնտեղ զարգանան այն ուղղությունները, որոնք հատուկ են Գյումրիին:
Բանավեճի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Անի Քեշիշյան