Հնարավո՞ր է՝ «Ալյանսը» շարունակի նախկին ԲՀԿ-ի գիծը
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գագիկ Իսագուլյանը կարծում է՝ ցանկացած նոր ձևավորվող հասարակական կամ քաղաքական ուժ բոլոր տեսանկյուններից դրական երևույթ է: Այսօր «Ալյանս» առաջադիմական-ցենտրիսական կուսակցության առաջին համագումարին ներկա գտնվող Գ. Իսագուլյանը, խոսելով Տիգրան Ուրիխանյանի՝ ոչ իշխանական ուժերին կրկին համախմբելու առաջարկի մասին՝ ասաց, որ լավ նախաձեռնություն է, և ցանկանում է, որպեսզի կուսակցությունը մինչև վերջ շարունակի այդ գործը՝ օգտագործելով նաև խորհրդարանական ամբիոնը:
Գ.Իսագուլյանը կարծում է՝ «Ալյանսը»-ին կհաջողվի համախմբել ոչ իշխանական ուժերին. «Բոլոր դեպքերում՝ երկրում ունենք բավականին ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, որը ուզենք, թե չուզենք, վաղը հրապարակ է բերելու բազմաթիվ քաղաքացիների և այդ խնդիրներին ուղղված ցանկացած նախաձեռնություն ստեղծում է այն պայմանները, որ հնարավոր է այդ ամենը կազմակերպել: Ողջունելի է, և կարծում եմ՝ պարոն Ուրիխանյանը բավականին երիտասարդ և ակտիվ քաղաքական գործիչ է և արդեն իսկ ունի բավականին լուրջ փորձառություն, այդ խնդիրները կարող է լուծել»:
168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է «Ալյանսը» շարունակի նախկին ԲՀԿ-ի քաղաքական գիծը՝ հաշվի առնելով, որ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ից դուրս եկավ հենց այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԲՀԿ-ից և քաղաքականությունից՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ Տիգրան Ուրիխանյանի մատնանշած ուղղությունը իր մեջ ներառում է այն բոլոր խնդիրները, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր իր առջև դրել. «Բայց կա մեկ տարբերություն, հիմա չկա Գագիկ Ծառուկյանը, և եթե կարողանան լավ թիմ ստեղծել, ապա իշխանությունների առումով դժվար կլինի թիրախ ընտրել, որի միջոցով հետո կազմալուծել կուսակցությունը. ցավոք սրտի, այն, ինչ տեղի ունեցավ նախկին ԲՀԿ-ի հետ»: